Հայաստանի բնակչությանը պարզ չէ, թե ինչ հիմքով է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաշվարկներ արել ու գտել, որ էլեկտրաէներգիայի սակագինը պետք է բարձրանա։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» քննարկման ժամանակ ասել է «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը։
Նա հիշեցրել է, որ սակագնի բարձրացման վերաբերյալ բերվող բացատրություններից մեկը հետևյալն է՝ տնտեսվարողները պարտքեր են կուտակել, և դրա պատճառներից մեկն այն է, որ ատոմակայանը նախատեսվածից 88 օր ուշ է սկսել աշխատել։
«Բաշխիչ ցանցը պարտք կուտակելու ոչ իրավունք ունի, ոչ էլ հնարավորություն, որովհետև բաշխիչ ցանցի համար հաշված սակագնում նախատեսված է հսկայական շահույթ, ու դա հավաքվում է։ Հասկանալի է, եթե ինքը վատ ծախսեր անի կամ այդ հավաքված գումարը չգիտեմ ինչ անի, միգուցե [խնդիր կծագի]։ Բայց դա չի նշանակում, որ ամեն նման դեպքում մեր իշխանությունը պետք է գնա ու մտնի սպառողի գրպանը։ Ամենահեշտ կառավարման ձևն է՝ ոչինչ չանել, պատճառների մասին չխոսել, հետևանքները վերացնելու համար գնալ, մտնել սպառողի գրպանը ու ասել՝ դու պետք է շատ վճարես», – ասել է փորձագետը։
Գրիգորյանն անդրադարձել է նաև հիմնավորումներից ևս մեկին՝ Երևանի ջերմաէլեկտրակայանը 4 տարին մեկ պետք է վերանորոգումներ իրականացնի, ու արվող ծախսերը պետք է փոխհատուցվեն․
««Երևան ՋԷԿ»-ի արտադրած էլեկտրաէներգիան սպառողը չի գնում, սա պետք է բոլորն իմանան։ «Երևան ՋԷԿ»-ը Իրանի հետ պայմանագիր ունի, այնտեղից գազը տեղափոխում են Հայաստան, ջերմաէլեկտրակայանում վերածում էլեկտրաէներգիայի և դա որոշակի համամասնությամբ վերադարձնում Իրանին։ Սրա համար ՀՀ քաղաքացին չպետք է վճարի, թող պարզեն իրենց հարաբերություններն Իրանի հետ, ու պետությունը որոշի՝ պետք է օգնել ՋԷԿ-ին, թե ոչ»։
Հաջորդ հիմնավորումն այն է, թե տարին սակավաջուր է եղել, ու ՀԷԿ-երը էլեկտրականություն քիչ են արտադրել։ Այս առիթով Գրիգորյանն ասել է, թե Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը՝ խոշորագույն ՀԷԿ-երից մեկը, սակավաջրության առումով չի տուժել։
«Եթե անգամ անձրևներ շատ չեն եղել, փոխարենը՝ Սևանից բաց թողնված ջուրը նախորդ տարիների համեմատությամբ նորմայից շատ է եղել»,- ասել է Գրիգորյանը։
Փորձագետի կարծիքով՝ էլէներգիայի թանկացման պատճառներից մեկը մենաշնորհներն են․ ոլորտում գործում են այն ընկերությունները, որոնք, տասնյակ տարիներ առաջ ստեղծված լինելով, տնտեսական, ֆինանսական ոչ արդյունավետ, հին կառավարման ձևեր են օգտագործել։
«Ընկերությունը ոչ արդյունավետ է կառավարվում, պետությունը մտնում է սպառողի գրպանը, ընկերությունն իր ֆինանսներն այլ տեղեր է օգտագործում, մեր պետությունը դարձյալ բացը լրացնում է սպառողների հաշվին»,- ասել է բանախոսը։
Վերջինս ընդգծել է, թե չի կարելի է սակագնի բարձրացում թույլ տալ, քանի դեռ պետությունը հիմնավորված չի ներկայացրել իրավիճակը։
Լուսանկարը՝ http://www.green-lantern-electric.com