հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Ինչո՞ւ գազի գինը կարող է բարձրանալ, իսկ էլէներգիայինը՝ ոչ․ ԱԺ-ում քննարկում են սակագնի թանկացման հարցը

Ինչո՞ւ գազի գինը կարող է բարձրանալ, իսկ էլէներգիայինը՝ ոչ․ ԱԺ-ում քննարկում են սակագնի թանկացման հարցը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բարձրացնում է էլեկտրաէներգիայի գինը ոլորտում աշխատող տնտեսվարողների խնդրանքով, որոնք հսկայական ֆինանսական խնդիրներ ունեն։ Հանձնաժողովին նման խնդրանքով դիմել են բոլոր խոշոր տնտեսվարողները, բացառությամբ Որոտանի ՀԷԿ-երի կասկադի, որը նախորդ տարի վաճառվել է ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությանը։ Այս մասին այսօր ԱԺ-ում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցի շուրջ լսումների ժամանակ ասել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը (լուսանկարում):

Հիշեցնենք, որ Հանձնաժողովի որոշմամբ էլեկտրաէներգիայի գինը սպառողի համար կբարձրանա 3,5-ից 4 դրամով։ Ներկայումս 1 կվ/ժ էլեկտրաէներգիայի գինը 38 դրամ է։

Խոսելով պատգամավորների հետ՝ Նազարյանն ասել էլ՝ ինչու «Հայռուսգազարդ»-ը կարող է դիմել Հանձնաժողովին գազի սակագինը բարձրացնելու խնդրանքով, իսկ էլեկտրաէներգիայի ոլորտում աշխատողները չեն կարող։

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ Էլեկտրաէներգիայի սպառման ոլորտում անցյալ տարվա ընթացքում գոյացել է 17.9 միլիարդ դրամ ֆինանսական ճեղքվածք:

Նա բացատրել է, որ ֆինանսական ճեղքվածքը հիմնականում պայմանավորված է ատոմակայանի աշխատանքի խափանմամբ։

«Ատոմակայանի մեկ բլոկը 88 օր ուշ մտավ աշխատանքի մեջ, քան նախատեսված էր, և արդյունքում արդադրվեց 300 միլիոն կիլովատ պակաս էլեկտրաէներգիա», – ասել է Ռոբերտ Նազարյանը: Նա ընդգծել է, որ այդ պատճառով լրացուցիչ ֆինանսական ծախսեր է արել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը։

Նազարյանի խոսքով՝ անցյալ տարի պարտք է կուտակել նաև Երևանի ջերմաէլեկտրակայանը՝ 7 միլիարդ դրամ: Ըստ նրա՝ Երևան ՋԷԿ-ի գործունեության կարգավորման համար անհրաժեշտ է վերանորոգման աշխատանքներ կատարել, դրանց համար էլ գումար է պետք:

Քննարկման մասնակից պատգամավորները հարցրեր են ուղղել զեկուցողին՝ փորձելով հասկանալ, թե ում անգործության պատճառով է սակագնի բարձրացման անհրաժեշտություն ստեղծվել, և արդյոք անրաժեշտ է դա, թե՝ ոչ:

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, ասել է. «Ես կցանկանայի, որ այստեղ լինեին Էլցանցերի աշխատակիցները: Հիշեցրեք՝ ինչքա՞ն գումարով են վաճառվել Էլեկտրական ցանցերը, ինչ ներդրումներ էին խոստացել անել: Երկորդ հարցը՝ ինչու են բոլոր էլեկրաարտադրողները ցույց տալիս զրո տոկոս շահութաբերություն: Մի՞թե նրանք մազոխիստաբար առանց շահույթի են աշխատում»:

Նազարյանը պատասխանել է, թե ՀԷՑ-ը վաճառվել է 40 միլիոն դոլարի համարժեք դրամով՝ 2002 թվականին, և մինչև 2007 թվական որևէ ներդրում չի եղել: Դրանից հետո, երբ սեփականատերն է դարձել ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը, 80 միլիարդ դրամի ներդրումներ են արվել:

Նազարյանն ասել է, որ միայն ատոմակայանը և Երևան ՋԷԿ-ը չունեն որևէ շահութաբերություն:

Նշենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ֆինանսական ճեղքվածքն առաջացել է այն պատճառով, որ ատոմակայանի չաշխատելու օրերին ՀԷՑ-ը էլեկտրաէներգիան գնել էր ռուսաստանյան գազով աշխատող Հրազդան ՋԷԿ-ից ավելի թանկ գնով, քան կարող էր գնել Երևան ՋԷԿ-ից, որն աշխատում է իրանական գազով։