Home / Տեսանյութեր / ՀՀԿ-ն «անցկացրեց» կուտակայինը․ քվեարկությունը սկանդալային ընթացք ունեցավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀԿ-ն «անցկացրեց» կուտակայինը․ քվեարկությունը սկանդալային ընթացք ունեցավ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այսօր ԱԺ-ում 20 րոպե ընդմիջումից հետո քվեարկության է դրվել Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին նոր օրինագիծը: Քվեարկությունը սկանդալային ընթացք է ունեցել։ Դրան մասնակցել են միայն ՀՀԿ-ականները, իսկ քվեարկությունից հետո ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդրել է դահլիճում տեղադրված էկրանի վրա պահել քվեարկության պատկերը՝ տեսնելու համար, թե ՀՀԿ-ականներից կոնկրետ ով է քվեարկել։

Նրա դիտարկմամբ՝ ՀՀԿ պատգամավորներն իրար փոխարեն են քվեարկել:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շարունակել է նիստը՝ անցնելով հաջորդ հարցին: Խոսքի իրավունք է խնդրել ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը՝ ասելով, որ տղամարդկություն չէ ուրիշի փոխարեն քվեարկելը:

Մինասյանն էլ, իր հերթին, նշել է, որ ՀՀԿ-ական և անկախ պատգամավորների թիվը միասին կազմում է 64, իսկ քվեարկությունը ցույց է տվել 67 կողմ: Նշենք, որ անհրաժեշտ քվեների քանակը 66 է։

ՀՀԿ-ական Սպարտակ Մելիքյանը ձայնի իրավունք է խնդրել՝ հերքելով, թե ինքը ուրիշի փոխարեն է քվեարկել:

«Եթե որոշ մարդիկ տեսողության խնդիր ունեն, կան հիվանդանոցներ, թող գնան ստուգվեն: Եթե որևէ մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, տղամարդկությունն ապացուցելու տեղեր կան: Կարող եմ ցույց տալ»,- ասել է Սպարտակ Մելիքյանը:

Հաջորդ հարցին անցնելուց առաջ ընդդիմությունը 20 րոպե ընդմիջում է խնդրել, սակայն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի կատարել խնդրանքը:

«Ես ինձ կյանքում այսքան նվաստացած չեմ զգացել: Դուք անցկացնում եք օրենք, որին գիտեք՝ հասարակության 80 տոկոսը դեմ է: Մեզ ընդմիջում է պետք», – ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:

Քանի որ ԱԺ նախագահն ընդմիջում չհայտարարեց, ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները լքեցին դահլիճը։

Հիշեցնենք, որ կուտակայինի նոր օրինագծով կենսաթոշակային վճարները պարտադիր են դառնում պետական աշխատողների համար։

Tekali Taxi