Արարատի մարզում՝ Նախիջևանի հետ սահմանային գոտում տեղակայված դիրքերից մեկում երեկ զոհված ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Խաչատրյանի դիահերձման ընթացքում հանգուցյալի գլխի շրջանում հայտնաբերվել է հրազենային երկու կրակոց՝ աջից ձախ և առջևից հետ՝ գլխի առանցքի շուրջ գրեթե հորիզոնական ուղղությամբ։
Այս մասին Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է ռազմական փորձագետ, «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը։ Վերջինս մասնակցել է այսօր տեղի ունեցած դիահերձմանը։
Նշենք, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի 19-ամյա բնակիչ Խաչատրյանի մահվան լուրի տարածումից հետո ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ, նախնական տվյալներով, զինծառայողը մահացել է հակառակորդի գնդակից։ Ավելի ուշ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որում նշված էր, որ Խաչատրյանը մահացել է մարտական հենակետում, իսկ միջադեպի մանրամասները ճշտվում են։ Դրանից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, որ Խաչատրյանը, նախնական տվյալներով, մահացու հրազենային վիրավորումը ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:
«Հաշվի առնելով վնասվածքների ուղղվածությունն ու քանակը, կարելի է ասել, որ այստեղ որևէ անփութության կամ թյուրիմացության մասին խոսք լինել չի կարող։ Թյուրիմացություն է այն անձը, ով այսպես է որակել դեպքը։ Մենք վաղուց գիտենք, որ այդ անձը՝ Սեյրան Օհանյանը, թյուրիմացություն է։ Բացի հրազենային վնասվածքներից, հանգուցյալի մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են տարբեր մարմնական վնասվածքներ, որոնց մի մասը առաջացել է մահվանից ոչ շատ առաջ, մյուս մասը՝ մահվանից շուտ՝ 2-3 օր առաջ։ Կապտուկները, արյունազեղումներն ու քերծվածքները կրծքավանդակի, ոտքի, ծնկի, գլխի գագաթակողային շրջանում են, առաջացել են բութ առարկայի հարվածի հետևանքով և նույնպես ապացույց են, որ Գրիշա Խաչատրյանին սպանել են», – պատմել է փորձագետը։
Նա անհիմն է համարել մահվան մասին շրջանառվող պաշտոնական վարկածները և ընդգծել՝ «կրակոցը եղել է շատ մոտ տարածությունից»։
«Բացառվում է հակառակորդի գնդակից սպանվելու, ինչպես նաև ինքնասպանության հանգամանքը՝ հաշվի առնելով թե կրակոցների, թե մարմնական վնասվածքների քանակը։ Այսինքն, մինչև դեպքը եղել է պայքար և բռնություն․ գործ ունենք տիպիկ սպանության հետ։ Ինչպես է հնարավոր անզգույշ խաղալ զենքի հետ ու 4 կրակոց արձակել, որոնցից երկուսը դիպուկ գլխի շրջանում են», -ասել է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ առկա բոլոր վնասվածքները ֆիքսվել ու նկարահանվել են հենց դիահերձման ընթացքում, իսկ մեկ ամիս անց կուղարկվեն նախաքննական մարմնին։
«Երբ որ գործը բերում են այստեղ, որևէ դատաբժիշկ իրավունք չունի սկսել դիահերձումը, քանի դեռ չկա այդ մասին քննիչի որոշումը։ Նա պետք է նշի՝ երբ, որտեղ ու ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Հիմա գրել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 10։30-ի սահմաններում, մարտական հենակետում, բայց չի նշել, թե ինչ զենքով է կատարվել սպանությունն ու ում էր ամրակցված այն։ Ինչպես մի շարք դեպքերում, այս պարագայում էլ քննիչը նպատակահարմար չի գտել նշել այդ կարևոր հանգամանքը։ Այս պահից սկսած համոզված ասում եմ՝ Գրիշա Խաչատրյանի գործով ինքնաձիգի վրա մատնահետքեր չեն հայտնաբերվել։ Նախաքննական մարմինը, բոլոր ինձ հայտնի գործերով, ոչնչացնում է զենքի վրա եղած մատնահետքերը», -ասել է մեր զրուցակիցը։
Նշենք, որ այսօր առավոտից դիահերձարանի բակում հավաքվել էին Խաչատրյանի հարազատները, մարտական ընկերները, բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրեր Իրինա Ղազարյանն ու Նանա Մուրադյանը։ Մոտ 3 ժամ տևած դիահերձման ընթացքում տարածքում հսկողություն էին իրականացնուրմ ՊՆ և Ռազմական ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, որոնցից շատերը քաղաքացիական հագուստով էին, իսկ որոշներն էլ ներկայանում էին որպես Խաչատրյանի ազգականներ։
Մեր թղթակցի այն հարցին՝ ինչպես կբնութագրեն մահացած զինվորին, նրանցից մեկը կցկտուր պատասխաններ է տվել, իսկ ավելի ուշ, երբ պարզվել է, որ ինքը ոստիկանության աշխատակից է, վերջինս արդարացել է՝ «դե ինչ տարբերություն, բոլորս էլ հարազատ ենք, էլի»։
Epress.am-ի հետ զրույցում Խաչատրյանի հորաքրոջ որդին՝ Արմանը, ով մասնակցել էր դիահերձմանը, բացառել է մահվան հետ կապված պաշտոնական վարկածները։
«Ներսն եմ եղել, այստեղ զենքի անփութություն չէ, մարմնի վրա՝ մեջքի հատվածում կապտուկներ կան։ Ես ոչինչ ասել չեմ կարող, փորձագետները պետք է ասեն, բայց անկախ ամեն ինչից՝ էս գործը էսպես չենք թողնի», – ասել է մեր զրուցակիցը՝ ավելացնելով, որ 15 օր դիրքերում հերթապահած Գրիշան դեպքից 10 րոպե առաջ պետք է հանձներ հերթափոխը՝ «արդեն սմենն եկած ա եղել, պետք ա պերեսմենկա անեն, սպանվել ա»։