Հունիսի 21-ի նիստի ընթացքում ԱԺ ղեկավարությունը բազմիցս խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը` սահմանափակելով խմբակցությունների և անհատ պատգամավորների իրավունքները: Այս մասին ասված է ոչ իշխանական 4 ուժերի (ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն») կողմից տարածած հայտարարության մեջ։
«Կառավարության կողմից հրավիրված արտահերթ այս նստաշրջանի ընթացքում ոչ իշխանական քաղաքական ուժերը փորձել են կասեցնել մեծամասնության անօրինական քայլերը, առանց հանձնաժողովների հավանության, առանց հանրային քննարկումների, խախտելով իրավական բոլոր ընթացակարգերը, խորհրդարանին պարտադրել վավերացնելու մի շարք վիճահարույց օրինագծեր:
Արտահերթ նստաշրջանի այս փաթեթում ներառված էր նաև ժողովրդի գերակշիռ մեծամասնության և քաղաքական ուժերի մեծամասնության կողմից մերժված կուտակային կենսաթոշակների մասին օրենսդրական փաթեթը, որը փորձ արվեց անցկացնել Սահմանադրության, իրավական ակտերի մասին օրենքի, ինչպես նաև ԱԺ կանոնակարգ օրենքի կոպտագույն խախտումներով: Նման գործելաոճը թե քաղաքական, թե իրավական առումով հեղինակազրկում է օրենսդիր մարմինը, ինչը լրջորեն խարխլում է մեր պետականության հիմքերը:
Ոչ իշխանական քաղաքական ուժերը հայտարարում են , որ կուտակային կենսաթոշակներին վերաբերող օրենսդրական փաթեթի քննարկումն ու քվեարկությունը անվավեր են: Մենք դատապարտում ենք քաղաքական մեծամասնության այսօրինակ գործելաոճը և հայտարարում, որ հասարակության հետ վճռականորեն շարունակելու ենք պայքարել` ՍԴ որոշման ամբողջական կիրառման համար»,- ընդգծում են հայտարարության հեղինակները: