Home / Հայաստան / ՀՀ-ի ու Վրաստանի միջև կնքված գաղտնի տեղեկատվության փոխանակման համաձայնագիրը հիմարություն է․ Ախալայա

ՀՀ-ի ու Վրաստանի միջև կնքված գաղտնի տեղեկատվության փոխանակման համաձայնագիրը հիմարություն է․ Ախալայա

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան հիմարություն է համարում Վրաստանի և Հայաստանի միջև գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին կնքված պայմանագիրը։ Այս մասին նա հայտարարել է frontnews.ge կայքի հետ զրույցում։

«Հայաստանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակման մասին կնքված համաձայնագիրը, մեղմ ասած, հիմարություն է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանը նման համաձայնագիր կնքել է նաև Ռուսաստանի հետ։ Երևի գուշակում եք՝ ինչու այդ փաստաթուղթը մեզ ձեռնտու չէ։ Մեզ Հայաստանի հետ որևէ գաղտնի տեղեկատվության փոխանակում հարկավոր չէ, թեև դա հնարավոր է որոշակի չափերով, և բարիդրացիական ու բարեկամական հարաբերությունների շրջանակներում։ Հայաստանի հետ գործընկերային և անձնական հարաբերություններ` ահա, թե անվտանգության ոլորտում մեզ ինչ է պետք, այլ ոչ [գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ] համաձայնագիր»,- ասել է նախկին նախարարը։

Նա անդրադարձել է նաև Աբխազիայի տարածքով Հայաստանը և Ռուսաստանը միացնող երկաթուղու բացման հավանականությանը։ Վրաստանյան մամուլը գրում է, որ այդ հարցը քննարկվել է նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Թբիլիսի կատարած այցի ժամանակ, չնայած պաշտոնական աղբյուրները չեն հաստատել այդ տեղեկատվությունը։

«Աբխազիայի տարածքով երկաթգծի բացման հարցը կապված է նշանակալի խնդրի հետ։ Այդ հարցը չպետք է բարձրացվի պաշտոնական հանդիպումների ժամանակ, իշխանության փոփոխությունը չպետք է ընկալվի որպես այդ հարցի վերաբերյալ քննարկումները վերսկսելու ազդանշան։ Իսկ ինչ վերաբերում է հրաժարվելուն, կարող եմ ասել, որ այլ կերպ հնարավոր չէր, քանի որ ներկայիս իշխանությունը, չնայած իր ցանկությանը, ի վիճակի չէր լինի ապահովել երկաթուղային երթևեկության բացումը»,- մասնավորապես, ասել է Ախալայան։