Հրազդանի «Միկա-ցեմենտ» ընկերության աշխատակիցները ստիպված են եղել երեկ մինչև ժամը 17-ը գործարանի մուտքի մոտ սպասել իրենց աշխատավարձին, որից հետո պահակային բաժնի 50 աշխատողներ ստացել են 2 ամսվա աշխատավարձերը։ 300-ից ավելի աշխատողի աշխատավարձերը, սակայն, «Միկա-ցեմենտ»-ը չի մարել, հայտնում է «Ժողովուրդ» թերթի թղթակիցը Հրազդանից։ Նրա փոխանցմամբ՝ ղեկավարությունը 2 օր է խնդրել՝ պարտքերը մասնակի մարելու համար։ Աշխատողները համաձայնել են սպասել երկու օր, բայց ոչ ավել։
Հիշեցնենք, որ ընկերության աշխատակիցները երեկ առավոտյան գործադուլ էին հայտարարել, ու դադարեցրել այն վճարման խոստումից հետո։
Գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա-ցեմենտի» աշխատակիցներն առաջին անգամ գործադուլ էին արել հունիսի 16-ին, որից հետո ընկերության ղեկավարությունը խոստացել էր 3 օրվա ընթացքում հստակեցում մտցնել, սակայն աշխատողներին ոչինչ չէին ասել։