Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ շաբաթ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից կառաջադրվի նախագահի պաշտոնում․ նախագահական ընտրությունները Թուրքիայում տեղի կունենան օգոստոսին։ Այս մասին հայտում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առընչին։
«Մենք բոլորս լավ գիտենք, թե ով է լինելու նախագահի մեր թեկնածուն։ Հուլիսի 1-ին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի վարչապետի առաջադրվելու մասին»,- գործակալությանն ասել է Առընչը։
Թուրքիայում առաջիկա նախագահական ընտրություններն առաջինն են լինելու երկրի պատմության մեջ, երբ նախագահն ընտրվելու է ժողովրդի քվեարկության արդյունքում։ Նախկինում Թուրքիայում երկրի ղեկավարին ընտրում էին խորհրդարանի պատգամավորները։
Նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է օգոստոսի 10-ին։ Հաղթելու համար՝ թեկնածուներից մեկը պետք է հավաքի ձայների 51 տոկոսը, այլապես տեղի կունենա երկրորդ փուլ՝ օգոստոսի 24-ին։