Փոթորկի հետևանքով տուժած վարդենիսցիներն այսօր սպասում են վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ով, ըստ տեղացիների, պետք է ժամը 11։00-ի սահմաններում արդեն ժամանած լիներ Վարդենիս։ Աբրահամյանը չկա, իսկ վարդենիսցիներին հանդիպել է մարզպետ Րաֆիկ Գրիգորյանը և պատգամավոր Կարեն Բոթոյանը։
Epress.am-ի հետ զրույցում քաղաքի բնակիչ Արթուր Սահակյանն ասել է, որ այս պահին քաղաքի սկզբնամասում հավաքված 100-ից ավելի բնակիչները հույս ունեն, որ կառավարությունը չի անտեսի իրենց ու քայլեր կձեռնարկի՝ օգնելու հնարավորինս շուտ ազատվել քամու հասցրած ավերածություններից։
«Ինչ կարող ենք անել, ասել են՝ կգա, մենք էլ սպասում ենք։ Թող գա, տեղում իր աչքով տեսնի՝ ինչ վիճակում ենք հայտնվել, ու հարցին լուծում տան։ Մարդիկ տանջանքով տուն են դրել, մի քանի վայրկյանում սաղ սրբեց տարավ։ Տներն առանց տանիք, առանց պատուհան են, ցելոֆանապատել ենք կտուրները, որ անձրևի ժամանակ ջուրը տները չլցվի, ինչքա՞ն կարանք էս վիճակով ապրենք», – ասել է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հունիսի 29-ին Վարդենիսում պտտահողմը լուրջ ավերածություններ է հասցրել՝ պոկելով շենքերի տանքիները, ջարդելով պատուհանները, վնասելով ավտոմեքենաները։ Երեկ վարդենիսցիները փակել էին քաղաք տանող ճանապարհը՝ պահանջելով, որպեսզի իրենց հանդիպի վարչապետը։ Նրանք նշել էին, որ մարզպետի ներկայությունը բավարար չէ, քանի որ նման հարցի լուծումը կարող է ավելի բարձր մակարդակով ապահովվել։ Աբրահամյանի չժամանելու դեպքում վարդենիսցիները խոստացել էին փակել երկաթգծի կայարանը։
Բնակիչներին մարզպետարանից խոստացել էին, որ Հովիկ Աբրահամյանը վարդենիսցիներին կհանդիպի այսօր։
Լուսանկարում՝ Վարդենիսում մարդիկ ցելոֆանապատում են տների տանիքները՝ անձրևից ինչ-որ չափով պաշտպանվելու համար