Գլխավոր դատախազությունը թերի և ոչ բարեխիղճ գործողությունների կատարման արդյունքում Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին (լուսանկարում) զրկել է իրավական պաշտպանության բոլոր հնարավորություններից: Այս մասին ասված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Հովհաննիսյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Գլխավոր դատախազություն, որն էլ հաղորդումն ուղարկել էր հետաքննության մարմնին: Սակայն քննիչը քրեական գործ չէր հարուցել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Խնդիրը ծագել է այն բանից, որ շենքի համասեփականատերը քանդել է այն տարածքի մուտքն ու աստիճանավանդակը, որտեղ գտնվում է նաև Քաղաքագետների միության գրասենյակը: Մինչդեռ դրանք ընդհանուր oգտագործման տարածքներ են, և ցանկացած նման փոփոխություն պետք է համաձայնեցվի բոլոր համասեփականատերերի հետ, նշում են հաղորդագրության հեղինակները։
Քաղաքագետ Հովհաննիսյանը խնդրի վերաբերյալ դիմել էր Պաշտպան Կարեն Անդրեասյանին: Գործի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ քննիչը բացատրություն է վերցրել միայն քանդման աշխատանքները կատարած համասեփականատիրոջից, հարցում չի կատարել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե՝ ընդհանուր օգտագործման տարածքների սեփականատերերի մասին տեղեկություն ստանալու համար, չի զննել դեպքի վայրը, գործում նույնիսկ չկան սեփականության վկայականները:
Անդրեասյանը գրություն է ուղարկել Գլխավոր դատախազին` մատնանշելով, որ քննիչը չի ապահովել գործի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը: Սակայն Դատախազությունը միջոցներ չի ձեռնարկել Պաշտպանի նշած խախտումները վերացնելու ուղղությամբ: Արդյունքում Օմբուդսմենը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին Որոշում: