Home / Հայաստան / ԵՏՄ-ի անդամ դառնալուց հետո Հայաստանում վրացական ապրանքների մաքսատուրքերը կբարձրանան․ Բորիս Նավասարդյան

ԵՏՄ-ի անդամ դառնալուց հետո Հայաստանում վրացական ապրանքների մաքսատուրքերը կբարձրանան․ Բորիս Նավասարդյան

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ դառնալուց հետո վրացական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը կբարձրանան։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Ռադիոկայանը հիշեցնում է, որ երեկ «Ազատության» հետ զրույցում նման մտահոգություն է հայտնել նաև Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին։

«Ինչքան էլ Հայաստանը Վրաստանի բարեկամն է, այդուամենայնիվ, Վրաստանը Մաքսային այդ համակարգի մաս չէ, և ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս կարող է Վրաստանի համար, մասնավորապես, Հայաստանի հետ առևտրում հատուկ պայմաններ առաջարկվեն, և ինչո՞ւ պետք է առաջարկվեն։ Ինչո՞ւ, ասենք, պետք է Ռուսաստանը, որ այդքան էլ լավ հարաբերություններ չունի Վրաստանի հետ, դրան համաձայնի։ Ինչո՞ւ պետք է դրան համաձայնեն Բելառուսն ու Ղազախստանը։ Բելառուսն էլ կասի՝ ես էլ Լեհաստան ունեմ հարևան, Ղազախստանն էլ կասի՝ ես էլ Չինաստան ունեմ, որը մեր կարևորագույն առևտրային գործընկերն է», – ասաց Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ եթե ավելի լայն լուծում փորձեն տալ Հայաստանի կողմից բանակցողները՝ բացառություններ խնդրելով որոշակի ապրանքատեսակների համար, և 1.5 հազար ապրանքատեսակների ցանկից 900-ը հանվի, բնականաբար, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը դրան չեն համաձայնի, նույնիսկ եթե Ռուսաստանը պատրաստ լինի։

Հաշվի առնելով, որ ամեն ինչ կամաց-կամաց մտնում է ստույգ բանակցությունների, ստույգ մեխանիզմների դաշտ, ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահի, Հայաստանի դիվանագիտության, Հայաստանի իշխանությունների նպատակը պիտի լինի՝ փորձել հնարավորինս հստակ ներկայացնել Հայաստանի շահերը, Հայաստանի հնարավոր կորուստները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Tekali Taxi