Home / Տեսանյութեր / Էլէներգիայի հարցով զբաղվող նախաձեռնությունը 8 պահանջ է ներկայացնում պետական մարմիններին

Էլէներգիայի հարցով զբաղվող նախաձեռնությունը 8 պահանջ է ներկայացնում պետական մարմիններին

Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հրապարակած պարզաբանումները վստահություն չեն ներշնչում, հայտնում է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը։

Տարածած հաղորդագրության մեջ նախաձեռնության անդամներն ընդգծում են, որ անարժանահավատ չէ նաև էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումների ուսումնասիրությունները, որի հիման վրա էլ Հանձնաժողովը որոշում է կայացրել օգոստոսի 1-ից էլէներգիայի սակագինը բարձրացնել 10 տոկոսով՝ դարձնելով 42 դրամ 1 կվ/ժամ-ի համար։

«Ո՛չ թալանին» կոչ է անում ՀՀ քաղաքացիներին մասնակցել ստորագրահավաքի, որում ներառված 8 կետանոց դիմումը ներկայացվելու է ՀՀ պետական համապատասխան մարմիններին՝ իրականացնելու հասարակական պահանջը։

8 կետերն են․

1. Ձևավորել հանձնաժողով՝ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով, որը վերստուգման և վերահաշվարկի կենթարկի էլեկտրաէներգետիկական համակարգի տվյալ ընկերությունների նախորդ 8 տարիներին ստացած եկամուտները և կատարած ծախսերը, ներառյալ 17,9 մլրդ դրամ մատնանշվող ճեղքվածքը։

2. Դարձնել Հանձնաժողովի լիիրավ մասնակից «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության մասնագետներին և ՀՀ ԱԺ պատգամավորներին` յուրաքանչյուր խմբակցությունից մեկական և անկախ պատգամավորներին։

3. Ապահովել Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների լիարժեք հրապարակայնությունը։

4. Օժտել Հանձնաժողովին այնպիսի լիազորություններով, որոնք հնարավորություն կտան վերոնշյալ գործառույթներն իրականացնել։

5. Չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները մինչև Հանձնաժողովի աշխատանքների ավարտը։

6. Իրականացնել ՀԾԿՀ-ում էլեկտրական էներգիայի սակագների նվազեցման հարցի ուսումնասիրում և քննարկում Հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո։

7. Վերանայել իրավական այն նորմերը, որոնք կարգավորում են տվյալ ոլորտը։ Այն պետք է աշխատի ի նպաստ ՀՀ քաղաքացու՝ չստորադասելով տնտեսվարող սուբյեկտների շահերը։

8. Ստեղծել պայմաններ այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման և դրանց մասսայական արտադրությունների հիմնադրման համար` տրամադրելով հարկային արտոնություններ, որոնք կնպաստեն էլեկտրական էներգիայի սակագների նվազմանը:

Tekali Taxi