ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական Էդվարդ Ջամբազյանը այցելել է հիվանդանոցներ, ուր հոսպիտալիզացվել են Մոսկվայի մետրոյում վթարի հետևանքով հայազգի տուժածները։ Այս մասին ասված է ՀՀ արտգործնախարարության ֆեյսբուքյան էջում։
Երկու տուժածներն էլ գտնվում են վերակենդանացման բաժիններում, ըստ իշխանությունների՝ հայազգի տուժածների փաստաթղթերի կորստյան հետևանքով առայժմ հնարավոր չէ պարզել քաղաքացիությունը։
Աշխատանքներ են տարվում տուժածների հարազատների հետ կապ հաստատելու ուղղությամբ։
Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտնել էր, որ վթարի հետևանքով տուժած ուղևորների շրջանում կան հայազգի անձինք.
1) Քոչարյան Մերի Աշոտի – 20 տարեկան, Մոսկվայի հ.67 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և գլխուղեղի փակ վնասվածքով;
2) Բուլղադարյան Աննա Օլեգի – 23 տարեկան, Մոսկվայի հ.79 քաղաքային հիվանդանոց է տեղափոխվել աջ ճաճանչոսկրի կոտրվածքով և տրավմատիկ ցնցումով:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Մոսկվայի մետրոպոլիտենում գնացքներից մեկը կտրուկ արգելակել է և դուրս է եկել ուղուց։ Այս պահի դրությամբ ռուսաստանյան պաշտոնական մարմինները հայտնում են 21 զոհվածի մասին, տասնյակ մարդիկ հիվանդանոցներում են։