Վարդենիսցի մի քանի տասնյակ ֆերմերներ այսօր բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։
Epress.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, որ 2011թ․ կառավարության որոշմամբ՝ գյուղնախարարությունն անորակ սերմացու է ներկրել, որից բերք չեն ստացել, արդյունքում գոյացած պարտքերի պատճառով 150 ֆերմերների շարժական ու անշարժ գույքը գտնվում է կալանքի տակ։
«Ցորենը չծլարձակեց, մենք բազմիցս ապացուցել ենք, որ սերմերի գործակալությունը մեզ խաբել է։ 970 տոննա աշնանացան էլիտար սերմացուն պետք է ներկրեին «Սեմենա ստավրոպոլիեից», սակայն որոշումը խախտելով փոխարենը ներկրել են մեկ «Հացահատիկային ընկերությունից», Վերահսկիչ պալատը 2012 թվականին արձանագրել է խախտումները։ Սերմացուն բաժանեցին, որ հետո հետ վերադարձնենք, բայց այդ տարի երաշտ եղավ, չաճեց։ Մյուս տարի նորից նույնը ցանեցինք, եղանակը նպաստավոր էր, բայց պարզվեց, որ սերմացուն է անորակ»,- ասել է մեր զրուցակից Վարդան Հայրապետյանը։
Բողոքող ֆերմեր Գագիկ Եղիազարյանը պատմել է, որ Գյուղնախարարությունը հարցին որևէ լուծում չի առաջարկում, տարիներ շարունակ իրենց սպասեցրել են, սակայն այսօր ստիպված եկել են, որպեսզի խնդրի պատասխանը ստանան Կառավարությունից։
«Ունեցվածքս կալանքի տակ է, ծախս եմ արել, դաշտը վարել եմ, որ ցանք անեմ, բայց սերմացու չունեմ, չեմ կարողանում վարկ վերցնեմ, գոնե սերմացու առնեմ, դաշտը դատարկ սպասում է», – ասել է Եղիազարյանը։
Կառավարության նիստից հետո ֆերմերներին հանդիպել է ՀՀ կառավարության քաղաքացիների ընդունելության ու դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և տեղեկացրել, որ խնդրի շուրջ քննարկումներ են անցկացվում։