Եվրոպական միությունը ողջունել է Թուրքիայի Սահմանադրական դատարանի՝ վերջերս կայացրած երկու վճիռները՝ սեռական կողմնորոշման հիման վրա ատելություն պարունակող խոսքի և թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ, հայտնում է Today's Zaman-ը։
Հուլիսի 17-ին կայացրած վճռով՝ Թուրքիայի ՍԴ-ն սահմանել է, որ Դինքի սպանության հետաքննության ընթացքում խախտվել է արդյունավետ քննության սկզբունքը։ Մեկ այլ գործով անցած շաբաթ կայացրած վճռով դատարանը, դիտարկելով ԼԳԲՏ կազմակերպության փաստաբանի դիմումը, հաստատել է, որ սեռական կողմնորոշման հիման վրա ատելություն պարունակող խոսք հնչեցնելը հանցանք է։
«Այս որոշումները վերաբերում են Թուրքիայում կարևոր խնդիրների ու իրենցից ներկայացնում են քայլեր, որոնք միտված են հասարակությունում ժողովրդավարական սկզբունքները ամրապնդելուն։ Մենք ակնկալում ենք, որ դատական համակարգն ու կառավարությունը կառաջնորդվեն այս երկու վճիռներում սահմանված չափանիշներով՝ հետագա նմանատիպ գործերում որոշումներ կայացնելիս՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի սկզբունքներին համապատասխան», – ասել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն՝ ուրբաթ երեկոյան հրապարակված հաղորդագրության մեջ։
Նշենք, որ քննության առնելով Հրանտ Դինքի ընտանիքի ներկայացրած դիմումը՝ ՍԴ-ն սահմանել էր, որ լրագրողի սպանությունն արդյունավետ կերպով չի քննվել, իսկ դատական իշխանությունները ընտանիքին գործի քննության ընթացքի մասին պատշաճ կերպով չեն տեղեկացրել։
«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ Ստամբուլում, 17-ամյա ազգայնական Օգյուն Սամասթի կողմից, ով դատապարտվել է 23 տարվա ազատազրկման: Դինքի ընտանիքի փաստաբանները պնդում են, որ Սամասթը գործել կազմակերպված հանցավոր խմբավորման հրահանգով, և սպանության իրական պատվիրատուները չեն բացահայտվել։ Բացի դա, Դինքի ընտանիքը պնդում է, որ պետական մարմինները իմացել են նախապատրաստվող սպանության մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկել այն կանխելու համար։