Ադրբեջանական «Հայելի» թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի նախնական կալանքը գլխավոր դատախազության միջնորդությամբ 4 ամսով երկարացնելու որոշումը վրդովեցրել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը։
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհանն Բիրը․ «Միրկադիրովին կալանքի տակ պահելով՝ [Ադրբեջանի] քաղաքականացված դատական համակարգը ցույց է տալիս, որ իրեն հրամայել են հետապնդել լրագրողին»։
«Նրա միակ հանցանքը անկախ կարծիք ունենալն է, ու մենք ևս մեկ անգամ իշխանություններին կոչ ենք անում հանել մեղադրանքն ու լրագրողին ազատ արձակել»,- ասել է Բիրը։
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, սակայն, պնդում է՝ կա վտանգ, որ ազատ արձակվելու դեպքում Միրկադիրովը կփորձի փախուստի դիմել։ Դատարանը մերժել է լրագրողի միջնորդությունը՝ իրեն թույլ տալ մնալ մոր մոտ՝ հաշվի առնելով վերջինիս առողջական վատ վիճակը։