Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը խմբակային ծեծի մեջ մեղադրվող Գոռ Բարնաուսովին և Արմեն Զառաֆյանին այսօր 5 տարվա ազատազրկման է դատապարտել։ Մեղադրող դատախազը յուրաքանչյուրի համար 6-ական տարի էր պահանջել։
Բարնաուսովն ու Զառաֆյանն իրենց մեղքը չեն ընդունում. նրանք պնդում են, որ խմբակային ծեծի մասին խոսք լինել չի կարող։ Դատավարության ընթացքում մեղադրյալները հայտարարել են, որ 2013 թվականի մարտի 1-ին 3-5 րոպե տարբերությամբ մեկական հարված են հասցրել տուժող Արմեն Պետրոսյանին։ Վերջինս հարբած է եղել, հայհոյել է Բարնաուսովին, ով վիճաբանության մեջ է մտել Պետրոսյանի հետ և մեկ անգամ հարվածել նրան։ Զառաֆյանը հետ է քաշել և իր հետ մի փոքր հեռու է տարել Բարնաուսովին, սակայն Պետրոսյանը կրկին հայհոյել է, ինչից հետո Զառաֆյանն է վերադարձել և հարվածել Պետրոսյանին:
Տուժողը դատարանում ընդունել է, որ ինքը հայհոյել է, որ հարբած է եղել ու շատ բան չի հիշում։
Դատավորը, այնուամենայնիվ, խմբակային ծեծի մեղադրանքն արժանահավատ է համարել, չնայած մեղադրյալների փաստաբան Ալվարդ Մնացականյանը դատավարության ընթացքում բարձրաձայնել է քննության ընթացքում առկա խախտումների մասին։ Մասնավորապես, Մնացականյանը պնդել է, որ քննիչը փորձել է տուժողի ցուցմունքը ստանալ հոգեբանական ճնշումների ենթարկելով նրան, ու չնայած դրան, Պետրոսյանը պնդել է, որ մեղադրյալներն իրեն հարվածել են առանձին-առանձին։ Եթե դատարանն ընդուներ այդ փաստը, ապա մեղադրանքը այլ հոդվածով կառաջադրվեր և պատիժը շատ ավելի մեղմ կլիներ։
Մանրամասները՝ այստեղ։