Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով որպես տուժող անցնող ոստիկաններ Խաչիկ Ավետիսյանը (լուսանկարում) և Էվրիկ Լոնսկին այսօր դատարանում հայտարարել են, թե նոյեմբերի 5-ին՝ մեղադրյալների ձերբակալության օրը, բժշկի չեն դիմել, միջադեպի ընթացքում միայն աչքի մռմռոց են զգացել, ինչը կարճ է տևել:
Ոստիկանության գնդապետ Ավետիսյանն ասել է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Շանթ Հարությունյանի ընկերները ծեծում էին նաև քաղաքացիական հագուստով անձանց, սակայն երբ նրանց զգուշացնում էին, որ ծեծի ենթարկվողները ոստիկան են, երթի մասնակիցները շարունակում էին հարվածել` ասելով․ «Միլիցա է, խփեք»:
Նա կարծիք է հայտնել, թե իր գործընկերները զգուշացրել են կազմակերպիչներին, թե երթը պետք է մայթով ընթանա, բայց անձամբ ինքն այդ մասին չի լսել:
Փաստաբան Հովհաննես Քոչարյանի այն հարցին, թե իրավական ո՞ր ակտով է արգելվում փողոցի երթևեկելի մասով երթ անել, որպես տուժող անցնող ոստիկանը չի կարողացել պատասխանել։
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը հարցը հանել է` պնդելով, որ տուժողի իրավաբանական գիտելիքները ստուգելու ժամանակը չէ:
Ավետիսյանը նաև ընդունել է, որ ոստիկանությունը պարտավոր է ապահովել երթի ընթացքը փողոցի երթևեկելի մասով, եթե նման խնդրանքով դիմում են երթի կազմակերպիչները: Ոստիկանը պնդել է, որ Շանթ Հարությունյանը նման խնդրանքով իրենց չի դիմել:
Պատասխանելով Ավետիսյանի այդ հայտարարությանը՝ Շանթ Հարությունյանն ասել է, որ ինքը դեռևս Ազատության հրապարակում հայտարարել է, որ տարածքում սադրիչներ կան, և եթե ոստիկանները կարգ ու կանոն չհաստատեն, իրենք են «սադրիչներին զխկելու»։