Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ հուլիսի 19-ին հայերի և վրացիների տեղի ունեցած միջադեպը կենցաղային հողի վրա է ծագել, բայց վերաճել է խոշոր բախման։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար, Վրաստանում նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը։
Միևնույն ժամանակ, նախարարը նշել է, որ, անկախ միջադեպի պատճառներից, հայերի և վրացիների միջև առկա են կրոնական և ազգային հանդուրժողականության հետ կապված խնդիրներ:
«Մենք իրավունք չունենք այս ուղղությամբ չանել ամեն ինչ, որպեսզի մեր հարաբերությունները մեր բարեկամ ժողովրդի հետ լինեն ամուր և ավելի խորանան»,– ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ Վրաստանը Հայաստանի ռազմավարական երթուղին է դեպի արտաքին աշխարհ և կարևոր արտաքին քաղաքական գործընկերը:
Հիշեցնենք, որ ըստ՝ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի՝ հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևորականների վրա հարձակումը դրդված է եղել ազգային և կրոնական ատելությամբ, մինչդեռ Վրաստանի Ներքին գործերի նախարարության համոզմամբ՝ միջադեպը ազգային դրդապատճառ չի ունեցել։
Վիրահայոց Թեմը տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ հուլիսի 19-ին կեսօրին ոմն վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան և չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների պատճառով, ինչից հետո էլ սկսվել է վիճաբանությունը: