Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում որպես դիվերսանտներ ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների հետ կապված իրավիճակը փակուղային է։ Ադրբեջանական Aktual.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար, իրավապաշտպան Գեորգի Վանյանը։
«Հայաստանի և չճանաչված ԼՂՀ-ի տեղեկատվական դաշտը, այդ թվում` պաշտոնական անձանց հայտարարությունները, պուտինյան գործակալների գործողության գոտի է։ Այստեղ չկա քաղաքականություն ու չկան շահեր։ Գերիների հետ կապված իրավիճակը փակուղային է։ Այս դեպքում ես քաղաքացիական մակարդակով իրավապաշտպանության կամ օբյեկտիվ քննության որևէ հնարավորություն չեմ տեսնում։
Ներողություն եմ խնդրում Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի հարազատներից և մտերիմներից նման կտրուկ և անհուսադրող հայտարարության համար։ Հուսով եմ՝ ամեն ինչ կորած չէ, ու Ադրբեջանի նախագահի կողմից գործադրվող ճնշումը կկարողանա դեր խաղալ գերիների ճակատագրում»,- հայտարարել է Վանյանը։
Ադրբեջանի փախստականների և հարկադիր վերաբնակների խնդիրներով զբաղվող պետկոմիտեն հայտարարել է, որ ձերբակալվածների հետ հանդիպելու ու սպանված համերկրացու դին երկիր վերադարձնելու հարցը գտնվում է Իլհամ Ալիևի անձնական վերահսկողության տակ։ Կոմիտեն արդեն մի շարք հանդիպումներ է անցկացրել Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ ու մտահոգություն հայտնել ձերբակալվածների հետագա ճակատագրի մասին որևէ տեղեկության բացակայության կապակցությամբ՝ միջազգային կազմակերպությանը կոչ անելով ակտիվացնել աշխատանքն այդ ուղղությամբ։
Պաշտոնական Բաքուն պնդում է, որ ձերբակալվածներ Շահբեզ Գուլիևն ու Դիլհամ Ասքերովը (լուսանկարում), ինչպես նաև սպանված Հասան Հասանովը, երկրի Զինված ուժերի հետ որևէ առնչություն չունեն։ Հայկական կողմը հրաժարվում է ձերբակալվածներին ռազմագերու կարգավիճակ տրամադրել։
Լեռնային Ղարաբաղի դատախազությունը նրանց մեղադրում է լրտեսության, առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգման, զենքի գործադրման, մարդուն առևանգելով զուգորդված ազգային ատելության շարժառիթով սպանության, կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեջ:
Պաշտոնական մարմինների համաձայն՝ Ասքերովն ու Գուլիևը Քարվաճառի (Քելբաջարի) տարածքում առևանգել և սպանել են 17-ամյա Սմբատ Ցականյանին։ Բացի դա, ադրբեջանցիները սպանել են 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել են 37-ամյա Կարինե Դավթյանին։