հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Հայաստանցիներն առանց վիզայի Վրաստանում կկարողանան գտնվել 90 օր․ «Արմենպրես»

Հայաստանցիներն առանց վիզայի Վրաստանում կկարողանան գտնվել 90 օր․ «Արմենպրես»

Սեպտեմբերի մեկից արտասահմանյան բոլոր երկրների քաղաքացիների համար Վրաստանը կսահմանի վիզային ռեժիմի նոր կարգ: Առանց մուտքի արտոնագրի Վրաստան կարող են այցելել այն երկրի քաղաքացիները, որոնց հետ Վրաստանն ուներ ազատ վիզային ռեժիմ: Հայաստանն այդ երկրների թվում է, և առանց վիզային ռեժիմի Հայաստանի քաղաքացիները կարող են այցելել Վրաստան 180 օրվա ընթացքում 90 օր: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վրաստանի ԱԳՆ-ի հյուպատոսական վարչության ղեկավար Գրիգոր Տաբատաձեն նշել է, որ Վրաստանի միգրացիոն քաղաքականության կարգավորումն ուղղված չէ որևէ պետության կամ որևէ օտարերկրացու դեմ:

Ըստ Տաբատաձեի՝ կառավարության վերջերս ընդունած «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքի նպատակն է կարգավորել ինտեգրացիոն հարաբերություններն այլ պետությունների հետ:

«Դա նշանակում է միանման վերաբերմունք բոլոր պետությունների և օտարերկյա քաղաքացիների հանդեպ: Այս պարագայում ասել, որ Վրաստանը վիզային ռեժիմ է սահմանում Հայաստանի հետ` սխալ է»,- ասել է նա` հավելելով, որ գոյություն ունի ձևաչափ, համաձայն որի օտարերկրյա քաղաքացին, որի պետության հետ Վրաստանն ունի առանց վիզայի ռեժիմ, կարող է այցելել Վրաստան 180 օրվա ընթացքում, բայց այնտեղ մնալ 90 օր:

Ըստ Տաբատաձեի՝ սա ստանդարտ ռեժիմ է, որն իրականացնում է ԵՄ-ն շենգենյան գոտի այցելողների համար: «Մենք նույնպես կիրառում ենք այդ ձևաչափը բոլոր օտարերկրյա քաղաքացիների հանդեպ»,- նշել է նա: Տաբատաձեի փոխանցմամբ, այն քաղաքացիները, ովքեր կգան Վրաստան երկարաժամկետ սովորելու կամ աշխատելու, բիզնես գործունեություն իրականացնելու կամ բարեկամների մոտ մնալու համար, պետք է հայտ ներկայացնեն վիզա ստանալու համար, և ըստ միգրացիոն վիզայի կտրվի կեցության վկայական:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Twitter սոցիալական ցանցի իր էջում գրել էր, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային ռեժիմ մտցնել։

Նշենք, որ պաշտոնական Թբիլիսիին արդեն հաղորդել է, թե 2016 թվականից Վրաստանն ու ԵՄ-ը կանցնեն առանց մուտքի արտոնագրի ռեժիմին։