Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ հուլիսի 19-ին հայերի և վրացիների միջև տեղի ունեցած միջադեպը ազգային դրդապատճառ չի ունեցել և ծագել է մանր վեճից, սակայն Վրաստանի հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հայտարարություններից հետո ազգամիջյան բախման երանգ է ստացել։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասել է փորձագետ, Քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ջոնի Մելիքյանը։ Նրա խոսքով՝ վերջին 20 տարիներին Վրաստանում հակահայկական տրամադրությունները նորություն չեն, և այդ գործոնը ժամանակ առ ժամանակ օգտագործում են որոշ քաղաքական գործիչներ, որոնք տեղեկատվական քաղաքականություն են վարում, սակայն երբ դրա անհրաժեշտությունը նվազում է, վրացական ԶԼՄ-ներում հակահայկական տրամադրությունները ևս նվազում են։
Վրաստանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Գեորգի Գվիմրաձեն էլ նշել է, որ նման կենցաղային բախումները հաճախ են էթնիկ բախման երանգավորում ստանում։ Նա կարևոր է համարել ոչ թե միջադեպի պատճառները պարզելը, այլ այն, թե որքանով կան պատճառներ մտահոգվելու Վրաստանում իրավիճակի մասին։ Փորձագետի խոսքով՝ խնդիրը միայն հայերին չի վերաբերում, այլ բոլոր ազգային փոքրամասնություններին, քանի որ կան արմատական տրամադրված վրացիներ, որոնք անհանդուրժող են թե հայերի, թե մահմեդականների նկատմամբ։
Քննարկման մեկ այլ մասնակից քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը համոզմունք է հայտնել, որ միջադեպը պատահական բնույթ է ունեցել, սակայն ձեռք է բերել էթնիկական երանգավորում հետագա մեկնաբանություններում։ Մինասյանը կարծիք է հայտնել, որ Վրաստանի պես երկրում, որտեղ շատ են ազգային փոքրամասնությունները և որը Աբխազիայում կոնֆլիկտ ունի, նման իրավիճակը որոշակի առումով անգամ բնական է։ Նա անընդունելի է համարել, սակայն, նման միջադեպերի քաղաքականացումը։
Փորձագետ, «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ Արսեն Խառատյանն էլ նշել է, որ Վրաստանի իշխանությունները կարող են կանխել նման իրավիճակը։ Խառատյանի խոսքով՝ ներկայում Թբիլիսիում հայերի կողմից բոլոր զանգվածային միջոցառումներն անցկացվում են միայն Սուրբ Էջմիածին եկեղեցում, քանի որ հայկական թատրոնը և Սուրբ Գրիգոր եկեղեցին այժմ վերանորոգվում են։ Փորձագետը բնական է համարել եկեղեցու հարևանությամբ ապրողների մտահոգությունը, երբ եկեղեցում հազարավոր մարդիկ են հավաքվում և դրա մոտակայքում հնարավոր չէ քայլել։ Ըստ Խառատյանի՝ եթե Թբիլիսիի քաղաքապետարանն արագացնի թատրոնի և երկրորդ եկեղեցու վերանորոգման աշխատանքները, նման իրավիճակներից հնարավոր կլինի խուսափել։
Հիշեցնենք, որ ըստ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի՝ հուլիսի 19-ին, երեկոյան ժամը 17:00-ի սահմաններում Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևորականների վրա հարձակումը դրդված է եղել ազգային և կրոնական ատելությամբ, մինչդեռ Վրաստանի Ներքին գործերի նախարարության համոզմամբ՝ միջադեպը ազգային դրդապատճառ չի ունեցել։
Վիրահայոց Թեմը տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ հուլիսի 19-ին կեսօրին ոմն վրացուհի եկեղեցու պարսպի մոտ կայանել է իր մեքենան և չի կարողացել այն դուրս բերել՝ խոչընդոտող այլ մեքենաների պատճառով, ինչից հետո էլ սկսվել է վիճաբանությունը: