Այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 11։45-ին իր տան բակից բերման է ենթարկվել Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի նախագահ, իրավապաշտպան Լեյլա Յունուսը։ Contact.az-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Յունուսի ամուսիը՝ Արիֆ Յունուսովը։
«Լեյլան դուրս էր եկել տանից ու պատրաստվում էր գնալ համաժողովի։ Մեքենայի վրա, որով նա գնում էր, հենց բակում հարձակում է տեղի ունեցել։ Այն կանգնեցրել են քաղաքացիական հագուստով երեք տղամարդիկ ու բռնի կերպով նստել մեքենան։ Զանգերին չի պատասխանում ոչ Լեյլան, ոչ վարորդը։ Ըստ երևույթին, [նշված տղամարդիկ] Գլխավոր դատախազության աշխատակիցներ էին»,- ասել է Արիֆ Յունուսովը։
Որոշ ժամանակ անց նա հայտնել է, որ վեց մարդ թակում է բնակարանի դուռը՝ սպառնալով կոտրել այն։ Յունուսովը Turan գործակալությանը հայտնել է, որ «որոշել է հանձնվել» ու իր փաստաբանի հետ գնալ գլխավոր դատախազություն՝ ցուցմունքներ տալու։ «Ամենայն հավանականությամբ, մեզ կձերբակալեն»,- Turan-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է նա։
Ինչպես ավելի ուշ հայտնել է ամուսինների ներկայացուցիչ, հանրային պաշտպան Յուսիֆ Ագաևը՝ Լեյլա Յունուսին տարել են Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների գծով հետաքննչական վարչություն։
Քննչական խմբի ղեկավար Իբրահիմ Լեմբերանսկին թույլ չի տվել՝ Ագաևը մասնակցի հետաքննությանը՝ հայտարարելով, որ դա կարող է անել միայն փաստաբանը։
Ըստ ամուսինների ներկայացուցչի՝ սա հիմք է տալիս ենթադրելու, որ Լեյլա Յունուսին պատրաստվում են մեղադրանք առաջադրել։
Ինքը՝ Յունուսը, բազմիցս հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումները կապում է երկրի իշխանությունների՝ «Հայաստանի լրտեսների խումբ բացահայտելու» ցանկության հետ։ Նրան բազմիցս հարցաքննել են ադրբեջանական «Հայելի» թերթի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործով․ Միրկադիրովն ավելի քան երեք ամիս է՝ գտնվում է անազատության մեջ՝ «Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու» մեղադրանքով։