Home / Հայաստան / Հայաստանը և Ադրբեջանը գլադիատորներ են, վստահ է Շանթ Հարությունյանը

Հայաստանը և Ադրբեջանը գլադիատորներ են, վստահ է Շանթ Հարությունյանը

Քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը Սերժ Սարգսյանին կոչ է անում որևէ զիջման չգնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Այս մասին Հարությունյանն ասել է այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ իր և 13 այլ քաղբանտարկյալների գործով դատական նիստի ժամանակ։ Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը հնարավոր է կայանա Սոչիում օգոստոսի 8-ին կամ 9-ին։ Այս օրերին երկու նախագահները հանդիպելու են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հարությունյանի խոսքով՝ զիջումները Սարգսյանին չի ների ոչ թե հայ ժողովուրդը, որը շատ ավելի վատ որոշումների հետ է հաշտվել, այլ միջազգային հանրությունը։

«Կա Արևմուտք, կա Եվրոպա, քաղաքակիրթ աշխարհ կա, և այդ հարցը այնտեղ պետք է լուծվի», – ասել է Հարությունյանը։ Ըստ նրա՝ զիջման գնալու դեպքում Սերժ Սարգսյանը կարող է կյանքով պատասխան տալ։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարման մեծացմանը՝ Հարությունյանը կարծիք է հայտնել, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները գլադիատորներ են՝ չարիքի (նկատի ունի Ռուսաստանը- խմբ․) կայսրության կայսրի համար, ինչը, սակայն, չի նշանակում, որ չպիտի կռվեն, քանի որ գլադիատորները կռվում են իրենց կյանքը փրկելու համար։

Հարությունյանը նշել է, որ Ադրբեջանը միշտ օգտագործվել է կայսրության կողմից ՝Հարավային Կովկասը պահելու համար։ Հայաստանը պետք է հաղթի Ադրբեջանի հետ պատերազմում, սակայն չսպանի նրան, այլ սուրը ուղղի դեպի կայսրությունը։

«Թե չէ, եթե Ադրբեջանը մեզ սպանի, ո՞նց ենք կայսրության դեմ ապստամբելու»,- ասել է նա։

Նկարը՝ Գյունդուզ Աղաևի

Tekali Taxi