Home / Տեսանյութեր / Ոստիկանները հարվածում էին քաղաքացիներին, պնդել են Շանթ Հարությունյանի գործով վկաները

Ոստիկանները հարվածում էին քաղաքացիներին, պնդել են Շանթ Հարությունյանի գործով վկաները

Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով այսօրվա դատական նիստի ընթացքում մի քանի վկաներ պատմել են, որ նոյեմբերի 5-ին տեսել են, թե ինչպես են ոստիկանները հարվածում Հարությունյանի երթի մասնակիցներին։ Մեղադրյալները նրանց ծափահարություններով են ճանապարհել։

Հարությունյանի և ընկերների ձերբակալության օրը՝ նոյեմբերի 5-ին, դեպքի վայրում ներկա վկա, հաշմանդամություն ունեցող Արտավազդ Ահարոնյանը դատարանին պատմել է, որ 2 անգամ միջամտել է ոստիկանության գործողություններին, ինչի հետևանքով նրան բաժին են տարել։ Ահարոնյանը ձեռքի հետ կապված խնդիրներ ունի, և այդ օրը հիվանդանոցից տուն գնալիս է եղել՝ անցնելով Մաշտոցի պողոտայով։

Առաջին անգամ նա միջամտել է ոստիկանների գործողություններին, երբ տեսել է, թե ինչպես է ոստիկանը հարվածում կին լրագրողի։ Ահարոնյանի խոսքով՝ ինքը փորձել է պաշտպանել լրագրողին, ոստիկանից պահանջել է դադարեցնել գործողությունները։

2-րդ դեպքում վկան տեսել է, թե ինչպես են ոստիկանները հարվածել Ազատության հրապարակի մոտ կանգնած դեպքերին հետևող երեխայի։ Երբ նա միջամտել է, կրկին պահանջելով դադարեցնել նման գործողությունները, իրեն նստեցրել են ոստիկանության մեքենան և տարել բաժին։ Ճանապարհին բարձրացել է Ահարոնյանի ճնշումը, և, վերջինիս խոսքով, ոստիկաններն ասել են` «Ոչինչ չի մեռնի», ապա խոստացել են իրեն բուժօգնություն տրամադրել ոստիկանության Կենտրոնի բաժնում, որտեղից էլ հետագայում նրան բաց են թողել։

Մեկ այլ վկա, մասնագիտությամբ ֆիզիկոս Վահագն Մինասյանը նշել է, որ գաղափարական կապ ունի ամբաստանյալների հետ։ Նա ասել է, որ պատահական չէր հայտնվել Ազատության հրապարակում, ինքը ցանկանում էր ոստիկանների բռնություններից պաշտպանել մարդկանց։ Նա նշել է, որ չի լսել, թե մեղադրյալները կոչ են անում հարվածել ոստիկաններին, ինչպես նախորդ նիստերին իրենց ցուցմունքերի ժամանակ պնդում էին որպես տուժող անցնող ոստիկանները։ Մինասյանի խոսքով՝ ինքը տեսել է, թե ինչպես էին ոստիկանները հարվածում քաղաքացիներին։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու ինքը նախաքննական ցուցմունք չի տվել, ծրագրավորող Կարեն Հարությունյանը նշել է, որ նոյեմբերի 5-ին բերման էր ենթարկվել բաժին, որտեղ քննիչն իրեն ասել էր, թե մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, այդ իսկ պատճառով, ինքը հրաժարվել է ցուցմունքներից։ Հետագայում պարզվել է, որ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել։ Վկան այսօր դատարանում ասել է, որ նոյեմբերի 5-ի երթի ժամանակ տեսել է՝ ոստիկանները հարվածներ են հասցրել քաղաքացիներին։

Հարցաքննված վկաներից մեկը մեղադրյալներից մեկի՝ Հայկ Հարությունյանի մայրն էր՝ Լաուրա Պետրոսյանը։ Հարությունյանը, բացի խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվելուց, անցնում է մեկ այլ հոդվածով՝ առանց իրացնելու նպատակի հոգեմետ նյութ ապօրինի պահելը։

Հարությունյանի մայրն ընդգծել է, որ գործում նշված հոգեմետ նյութը գտել են իրենց տան դեղապահոցից, այլ ոչ թե որդու անձնական իրերից, ու դա սովորական դեղ է։ Ավելի վաղ ԶԼՄ-ների հետ զրույցում նա նշել էր, որ իրենք դեղը գնել էին շատ վաղուց՝ իրենց շան բուժման նպատակով, ապա չէին օգտագործել՝ դնելով դեղապահոցի մեջ։

Տեսանյութում՝  ոստիկանները երթի ժամանակ բերման են ենթարկում քաղաքացիներին