Կարնեգի հիմնադրամի Կովկասի անվտանգության հարցերով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը երեկ հրապարակած հոդվածում վերլուծում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը վերջին շրջանում գրանցված սահմանային միջադեպերի համատեքստում։
Հոդվածը ներկայացնում ենք թարգմանաբար․
– Վերջին օրերի ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր հաճախ են գրանցվում։ Հեռավոր պատերազմական գոտուց հավաստի տեղեկատվություն դժվար է ստանալ։
Երկու կողմերի հաղորդած տեղեկության վրա հենվելով, սակայն, կարելի է ենթադրել, որ վերջին օրերի ընթացքում առնվազն 30 զինվոր է զոհվել, հնարավոր է՝ շատ ավելի։ Հայաստանյան աղբյուրները պնդում են, որ զոհվել է 5 հայ և 25 ադրբեջանցի զինվոր։ Ադրբեջանցիները հայտնում են 71 հայ և 13 ադրբեջանցի զոհերի մասին։
Սա նշանակում է, որ շփման գծում մեկ շաբաթվա ընթացքում գրանցվել են ավելի մեծ թվով զոհեր, քան ամբողջ 2013 թվականի ընթացքում։
Ղարաբաղյան շփման գիծը Եվրոպայի ամենառազմականացված տարածքն է։ Այստեղ խաղաղապահներ չկան, ու առնվազն 20 000 զինվորներից բաղկացած երկու բանակներին պատերազմից հետ է պահում միայն սեփական շահի մասին ռացիոնալ միտքը։
Վերջին 15 տարիների ընթացքում, փոխհրաձգության հետևանքով ամեն տարի մոտ երկու կամ երեք տասնյակ մարդ է զոհվել։ Այս տարի մի շարք գործոններ, այդ թվում՝ բանակցային գործընթացի վերաբերյալ առկա խորը զինիզմն ու Ռուսաստանի կողմից սնուցվող սպառազինությունների մրցավազքը, իրավիճակն էլ ավելի են վատթարացրել։
Հայաստանը ռուսամետ ուղղություն է բռնել՝ նպատակ ունենալով միանալ Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միությանը։ Հնարավոր է՝ դա Երևանում ամրապնդել է համոզմունքը, որ պատերազմի դեպքում Մոսկվան կկատարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պայմանագրային պարտավորություններն ու օգնության կգա Հայաստանին։
Ադրբեջանն ավելի անվստահ ու ագրեսիվ տեսք ունի։ Երկրում շարունակվում է լայնածավալ պայքարը մարդու իրավունքների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների դեմ։ Անցյալ շաբաթ պետական դավաճանության ու լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ձերբակալվեցին Արիֆ և Լեյլա Յունուսները․ շաքարախտով տառապող Լեյլա Յունուսի առողջական վիճակը բանտում ծայրաստիճան վատթարացել է։
Վերջին երկու ամիսներին եղել են հաղորդումներ հայ-ադրբեջանական սահմանային բախումների մասին, մի մասը՝ սահմանամերձ այն տարածքներում, որտեղ նախկինում իրավիճակը հիմնականում հանգիստ էր, ինչպես, օրինակ, Նախիջևանի տարածքը։
Հրադադարի խախտման դեպքերի մեծ մասը տեղայնացված է ու չհամաձայնեցված․ ավելի լուրջ միջադեպերը, սակայն, ինչպես, օրինակ, սահմանի հակառակ ուղղությամբ կատարվող ռեյդերը, չեն կարող տեղի ունենալ առանց իշխանությունների հավանության։
Այս հարձակումները, ամենայն հավանականությամբ, գալիս են ադրբեջանական կողմից, որը մերժել է հրադարի ռեժիմը կայունացնելու միջազգային նախաձեռնությունները, ինչպես նաև մերժել է հեռացնել իր դիպուկահարներին շփման գծից։ Որպես հակամարտությունում պարտվող կողմ՝ ադրբեջանցիներն իրենց նպատակն են համարում վիճարկել ստատուս քվոն, վախեցնել հակառակորդին ու աշխարհին հիշեցնել հակամարտության մասին։
Այնուամենայնիվ, հայկական կողմը նույնպես դեմ չէ քաղաքական դրդապատճառներ ունեցող քայլեր իրականացնել։ Բռնագրավված ռադիոսարքավորումների այս շաբաթ հրապարակված լուսանկարներից կարելի է ենթադրել ադրբեջանական դիրքերի վրա հարձակումների մասին։ Ինչպես նշել է [Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար] Նովրուզ Մամեդովը, քիչ հավանական է, որ ադրբեջանական կողմը հրամայել է հարձակում իրականացնել այն ժամանակ, երբ թե երկրի նախագահը, թե պաշտպանության նախարարը գտնվում էին արտերկրում։
Հետևաբար, վերջին բռնությունները կարող են լինել հայկական գործողության կամ ադրբեջանական մեծ թվով մանր հարձակումներին պատասխան գործողության արդյունքը։ Պայքարի մեկնարկից հետո, իհարկե, «ո՞վ սկսեց» հարցն արագ անտեղի է դառնում։
Երկու նախագահները՝ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը, օգոստոսի 8-ից 9-ը հրավիրվել են Սոչի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձին բանակցությունների։ Դեռևս, սակայն, չի հաստատվել՝ արդյոք երկու նախագահները կհանդիպեն միմյանց։ Պուտինն, իհարկե, հանդիպմանն իր սեփական օրակարգը կունենա, որը կարող է լինել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ղարաբաղի վերաբերյալ։ Առանց ավելի լուրջ բանակցային գործընթացի, որին կարող են ներգրավվել կողմերը, բռնության ալիքը, ամենայն հավանականությամբ, կկրկնվի։