Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեղադրվում է պետական միջոցների յուրացման մեջ։ Georgia Online-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի գլխավոր դատախազությունը։
Համաձայն մեղադրանքի՝ Վրաստանի Պետական պահպանության հատուկ ծառայությունը Սաակաշվիլիի հրամանով ծախսել է ավելի քան 8,8 միլիոն լարի (շուրջ 5 մլն դոլար)։ Դատախազությունը պնդում է, որ այդ միջոցներով վճարվել է խոհարարի, մերսողի ծառայությունների, Իտալիայում զբոսանավի վարձակալության դիմաց, ինչպես նաև հյուրանոցների, որտեղ տեղավորվել են օտարերկրա հյուրեր, և այլն։
Սաակաշվիլիի մեղքը ապացուցելու դեպքում՝ Վրաստանի նախկին նախագահին սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ էր հարուցել 2007 թվականին «Իմեդի» հեռուստաընկերության դեմ հետապնդումների և միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը յուրացնելու մեղադրանքով։
Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 333 հոդվածի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունների չարաշահումը՝ տուժողի արժանապատվության ստորացմամբ): Հոդվածը նախատեսում է մինչև 8 տարվա ազատազրկում։