Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների առողջական վիճակի վերաբերյալ։ Այս մասին ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։
Ինչպես նշում է ադրբեջանական contact.az կայքը, երկրի իշխանությունները հրաժարվում են բուժօգնություն ցուցաբերել ու դեղեր փոխանցել շաքարախտով ու երիկամների անբավարարությամբ տառապող Լեյլա Յունուսին։ Վերջինս բողոքում է սուր ցավերից, սակայն կալանավայրի ղեկավարությունը հրաժարվում է նրան տեղափոխել հիվանդանոց։
Միևնույն ժամանակ, ամուսինների ընկերներին թույլ չեն տալիս նրանց սնունդ կամ դեղամիջոցներ փոխանցել։
Amnesty International-ի հայտարարության մեջ նշվում է, որ Լեյլա և Արիֆ Յունուսները հետապնդումների են ենթարկվում քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ կառավարության հասցեին քննադատորեն արտահայտվելու համար․ իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակել։
Յունուս ամուսինները ձերբակալվել են պետական դավաճանության և մի շարք այլ հանցագործությունների մեղադրանքով։
Ավելի վաղ՝ երեքշաբթի, Amnesty International-ը մեկ այլ հայտարարություն էր տարածել, որում ադրբեջանցի իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին ճանաչել էր խղճի գերի ու պահանջել նրան ազատ արձակել։
Կազմակերպությունը նշել էր, որ Ալիևի դեմ մեղադրանքները կեղծ են ու նրան հետապնդում են իրավապաշտպանական գործունեություն իրականացնելու համար։
«Իրավական լուսավորման միության» ղեկավար, իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը ձերբակալվել է օգոստոսի 8-ին՝ հարկերից խուսափելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, ապօրինի գործարարությամբ զբաղվելու և այլ մեղադրանքներով։