Պետական լեզվի հարցում չափն անցնելու դեպքում Ղազախստանին սպասում է Ուկրաինայի ճակատագիրը, վստահ է երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։
«Ենթադրենք՝ օրենսդրությամբ արգելեցինք բոլոր լեզուները, բացի ղազախերենից։ Մեզ այդ ժամանակ ի՞նչ է սպասում։ Ուկրաինայի ճակատագիրը։ Արդյո՞ք պետք է բոլորին ստիպել անցնել ղազախերենին, միևնույն ժամանակ արյունահեղությամբ զրկվել անկախությունից կամ խնդիրները խելամտորեն լուծելու հնարավորությունից։ Ահա՝ ինչումն է հարցը։ Ի՞նչ ենք ընտրում։ Հետևաբար, ես կարծում եմ, որ այս հարցում համբերություն է պետք»,- Ղազախստանի նախագահի խոսքերն է փոխանցում Forbes.kz կայքը։
Նազարբաևը կոչ է արել մտավորականությանը, ի դեմս գրողների, որոնք պնդում են, թե ղազախերենը անկախության տարիների ընթացքում չի կարողանում «բարձրանալ ծնկներից», պետական լեզմի օգտագործման շուրջ իրավիճակը չուռճացնել։
«Պետք չէ խուճապ ստեղծել, մենք պետք է օգտագործենք «Լեզուների մասին» օրենքը, խոսենք ղազախերեն, մենք պետք է ինքներս ազատ շփվենք մեր լեզվով ու օրինակ ծառայենք մյուսներին»,- ընդգծել է նա։
Նազարբաևի խոսքով՝ ամեն տարի Ղազախստանում հանրակրթական դպրոցներում ուսումն ավարտող 100 հազար երեխայից 80 հազարը սովորում է ղազախերենով։