Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ 1993 թվականի ապրիլի 30-ից նոյեմբերի 12-ն ընդունած չորս բանաձևերն արժանացել են նույն ճակատագրին, ինչ կազմակերպության մի շարք այլ խաղաղարար փաստաթղթեր, որոնք չեն իրականացվել, քանի որ ՄԱԿ-ն աշխարհի հակամարտությունների վրա ազդեցության մեխանիզմ մինչ օրս չի ձևավորել, իսկ այս կամ այն բանաձևերի իրականացումը կախված է առանձին պետությունների շահերից։ Այս մասին «Վեստնիկ Կավկազա»-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։
«Ոչ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, ոչ Անվտանգության խորհուրդը չունեն գործիքներ հակամարտությունների կարգավորման կամ բանաձևերի իրականացման համար։ Ընդհանուր առմամբ, Անվտանգության խորհրդի բանաձևերի մեծ մասը չի իրականացվում․ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ չորս բանաձևերը, սակայն, ունեն նաև չիրականացվելու այլ պատճառներ»,- նշել է Բրայզան։
Ըստ նրա՝ պատճառների թվում է այն, որ բանաձևերի ընդունումից անմիջապես հետո հայկական սփյուռքի կազմակերպությունները, այդ թվում ԱՄՆ-ում Հայ ազգային կոնգրեսը, միակողմանի քարոզարշավ սկսեցին, որը հակամարտությունում Ադրբեջանին ներկայացնում էր որպես ագրեսոր, իսկ Հայաստանին՝ զոհ։
Բրայզան կարծում է, որ բանաձևերը մոռացության մատնելու գործում դեր է խաղացել նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «ՄԱԿ-ի ԱԽ-ի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ չորս բանաձևերի ընդունումից կարճ ժամանակ անց ԵԱՀԿ-ն ստեղծեց այսպես կոչված Մինսկի խումբը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ վարելու համար։ Այդ բանակցությունները սկսվելուն պես ստվերում թողեցին ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի իրականացման անհրաժեշտությունը»,- մասնավորապես, ասել է Բրայզան։
Նա հիշեցրել է, որ Անվտանգության խորհրդի՝ Լիբանանի և Իրաքի վերաբերյալ բանաձևերն իրականացվել են ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախաձեռնությամբ, այլ ոչ՝ Միացյալ ազգերի կազմակերպության։
«Երբ այդ երկու երկրները գիտակցեցին իրենց, իրենց ընկերներին ու դաշնակիցներին սպառնացող վտանգը, նրանք ռազմական ուժ կիրառեցին։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ՄԱԿ-ի ԱԽ-ի երեք անդամ երկրները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, կապված են Մինսկի խմբի ձևաչափով, բանակցային գործընթացում փոխզիջման հասնելու պատասխանատվությամբ, որը, ինչպես ենթադրվում է, կբերի ԱԽ-ի չորս բանաձևերի իրականացմանը»,- ասել է Բրայզան։