Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մի շարք համայնքներում դրամահավաք է անցկացվում՝ Իրաքի եզդիներին օգնելու պատրվակով, սակայն «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Թամոյանը վստահ է, որ իրականում ՀՀ կառավարությունը փորձում է նման կերպ «հետ բերել» Իրաքի եզդիական համայնքին ուղարկած 100.000 դոլարը։ Այս մասին Թամոյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում։
Դրամահավաքի մասին Թամոյանը տեղեկացել է պատահաբար։ «Սինջար» ՀԿ-ն, որը Հայաստանի տարբեր մարզերում անցկացնում է դրամահավաք, Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի ղեկավարի կողմից ստացել է սպառնալիքներ և հորդոր՝ գումարը գյուղապետարան բերելու մասին։ Թամոյանի խոսքով՝ գյուղապետ Վահրամ Հարությունյանն իրեն ասել է, որ որոշ գյուղացիներ հրաժարվում են պետական դրամահավաքին մասնակցել՝ պատճառաբանելով, որ արդեն գումար փոխանցել են «Սինջար» կազմակերպությանը։
«Նա զանգել է ինձ և պահանջել, որ հավաքված գումարը տանենք, տանք իրեն։ Նա բացատրում էր, որ չգիտի՝ ինչպես է այդ գումարը ծախսվելու։ Ես էլ ասացի, որ եթե կոռուպցիոն կասկածներ ունի, կարող է դիմել համապատասխան մարմիններին։ Գյուղապետը սպառնացել է, որ կդիմի անվտանգության մարմիններին, թեև չի ասել՝ ինչ նկատի ունի»,- Epress.am-ին ասել է Թամոյանը։
Հարցին՝ չի՞ պատրաստվում սպառնալիքների մասին հայտնել ոստիկանությանը, Թամոյանը պատասխանել է, թե ոստիկանությունը ցանկության դեպքում կարող է քննություն անցկացնել ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա։
Epress.am-ի հետ զրույցում Առատաշեն գյուղի գյուղապետ Հարությունյանը հերքել է, թե սպառնացել է «Սինջար» կազմակերպությանը, սակայն ասել է, որ լավ կլիներ, որ իր գյուղում դրամահավաք անցկացնելուց առաջ իրեն՝ գյուղապետին, ասեին այդ նախաձեռնության մասին։
«Մենք էլ ենք դրամահավաք անում, ամեն գյուղից հավաքված գումարները տարվելու են մարզպետարան։ Որևէ կոնկրետ պարտավորություն մենք մեր գյուղացիների վրա չենք դնում, ով ինչքան կարողանում է իրեն թույլ տալ, տալիս է»,- ասել է Հարությունյանը։
Նա ասել է, որ իրենց գյուղի բնակչության 20-30%-ը եզդիներ են, և ողջ գյուղն էլ ցանկանում է օգնել կարիքի մեջ հայտնված Իրաքի եզդիներին։