ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը դեմ է Հայաստանում սահմանադրական փոփոխություններ կատարելուն և խորհրդարանական կառավարման կարգ հաստատելուն, քանի որ դա, ըստ նրա, ժողովրդավարության առումով ավելի վատ համակարգ է, քան Հայաստանում գործող կիսանախագահականը: Այս մասին նա հայտարարել է այսօր լրագրողների հետ հանդիպմանը։
Հայրիկյանն ասել է, որ ինքը մշակել է ժողովրդավարության մակարդակը չափելու բանաձև, ըստ դրա՝ մշակել է նաև իրական ժողովրդավարության հասնելու մեխանիզմ, որը թույլ կտա ամեն քաղաքացու ձայնը տեղ հասցնել:
ԱԻՄ առաջնորդն ասում է, որ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունները պետք է առանձին-առանձին ընտրություններով ընտրվեն, ընդ որում՝ ընտրությունները պետք է ավելի հաճախ անցկացվեն։ Հայրիկյանի խոսքով՝ եթե գործադիրն ու դատական իշխանությունն էլ խորհրդարանի միջոցով ընտրվեն՝ այդ երեք մարմինների միջև անկախությունը կխախտվի:
«Հիշենք՝ ովքեր են առաջարկում հիմա այս սահմանադրական փոփոխությունները: Նույն նրանք, ովքեր սահմանադրությունը փոխեցին 2005 թվականին: Եթե այդքան վատն է, թող չընդունեին»,-ասել է Հայրիկյանը:
Հարցին, թե ինչու իր բանաձևը Հայրիկյանը չէր առաջարկել, երբ գլխավորում էր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը դարեսկզբին, ԱԻՄ առաջնորդն ասել է, որ ինքը բանաձևը այն ժամանակ չէր մշակել:
«Այն ժամանակ ես համեմատում էի միջազգային փորձը և ըստ դրա էի առաջարկներ անում»,- ասել է Հայրիկյանը:
Բանախոսը նշել է, որ, խորհրդարանական համակարգի անցնելով, Հայաստանն էլ ավելի կկորցնի իր անկախությունը:
«Ինչպես են սեպտեմբերի 21֊ը նշելու, եթե «սեպտեմբերի 21» նշանակում է ռուսական հպատակութունից դուրս գալ, իսկ իրենք գնալով խորացրել են Հայաստանի կախվածությունը», – ասել է Հայրիկյանը:
ԱԻՄ առաջնորդը հրաժարվել է պատասխանել լրագրողների՝ իր հացադուլի վերաբերյալ հարցերին՝ նշելով, միայն, որ հացադուլով ինքն իր բողոքն արտահայտել է, և դրա մասին շարունակել խոսել անտեղի է համարում: