Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ՝ սեպտեմբերի 16֊ին, վճռել է, որ Թուրքիայում կրոնի պարտադիր դասընթացը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի՝ կրթության իրավունքի մասին հոդվածը՝ կոչ անելով Թուրքիային անցնել նոր համակարգի, որն աշակերտներին չի պարտադրի նման առարկա անցնել։ Այս մասին հայտնում է Today's Zaman կայքը։
Թուրքիայի դպրոցներում պարտադիր կերպով դասավանդվող «Կրոնի մշակույթ և բարոյականության իմացություն» առարկայի դեմ բողոքը 2011 թվականին ՄԻԵԴ էին ներկայացրել ալևիների հավատքին պատկանող 14 Թուրքիայի քաղաքացիներ։
Ընդգծելով, որ միայն դասագրքերի մեջ փոփոխություններ մտցնելը բավարար չի լինի, որպեսզի դասընթացը չխախտի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան՝ դատարանը Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է, որ նրանք «պարտավոր են չեզոք ու անկողմնական լինել» կրոնին վերաբերող հարցերի շուրջ։
Ըստ ՄԻԵԴ֊ի՝ կարճ ժամանակում միջոցառումներ պետք է ձեռնարկվեն, որպեսզի աշակերտներն այլևս ստիպված չլինեն անցնել նշված առարկան, իսկ դասընթացը պետք է ընտրովի լինի։
Դատարանը վճռել է, որ Թուրքիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2֊րդ հոդվածը։ «Դատարանը նկատել է, որ, մասնավորապես, կրոնական ոլորտում, Թուրքիայի կրթական համակարգը պատշաճ վիճակում չէ, որպեսզի ապահովի հարգանք աշակերտների ծնողների համոզմունքների հանդեպ»,֊ ասված է վճռում։
ՄԻԵԴ֊ի որոշման համաձայն՝ պետք է դասընթացից ազատվելու գործընթաց ներդրվի, քանի որ բողոքը ներկայացնողները համոզված են՝ կրոնի դասընթացներում ընդունված մոտեցումը կարող է իրենց երեխաների մոտ բախում առաջացնել՝ իրենց արժեքների ու դպրոցում ուսուցանվողների միջև։
Դատարանն ընդգծել է նաև, որ քրիստոնյա ու հրեա աշակերտներն ավելի վաղ ընդունված որոշմամբ արդեն ազատվել են կրոնի պարտադիր դասընթացներից՝ հավելելով, որ գրեթե բոլոր եվրոպական երկրներում գոյություն ունի կրոնի առարկայից ազատվելու հնարավորություն։
Նշենք, որ Հայաստանի դպրոցներում դասավանդվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։ Խնդրին անդրադարձ են արել տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ և միջազգային զեկույցների հեղինակներ։ Մասնավորապես, 2013 թվականին ԱՄՆ Պետդեպն իր կրոնական ազատությունների մասին միջազգային զեկույցում նշել էր, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու պատմությունը ներառված է հանրակրթական առարկայացանկում և եկեղեցին իրավունք ունի մասնակցել այդ առարկայի ուսումնական ծրագրի և դասագրքերի մշակմանը, այն դասավանդող ուսուցիչների որակավորման պահանջների սահմանմանը:
«Առարկան պարտադիր է. աշակերտները չեն կարող չհաճախել այդ առարկայի դասերին, և այլ կրոնական խմբերի աշակերտների համար առկա չեն այլընտրանքներ: Բացի դա, օրենքը Հայաստանյայց առաքելական եկեղեցուն իրավունք է շնորհում կազմակերպել կրոնի ուսուցման կամավոր արտածրագրային դասընթացներ պետական կրթական հաստատություններում: Մյուս կրոնական խմբերը կարող են իրենց անդամներին կրոնի դասեր տալ իրենց պատկանող հաստատություններում», – ասված էր զեկույցում:
Այլ կրոնական խմբերի նկատմամբ խտրական վերաբերմունքի խնդրին անդրադառնալով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2014 թվականի մայիսին հայտարարել է` Հայաստանի կրթության բովանդակությունը որոշում է ՀՀ կառավարությունը, որը աշխատել է և խորացնելու է Հայ Առաքելական եկեղեցու հետ աշխատանքը, իսկ կրոնի դասավանդումը սկսվելու է նաև տարրական դպրոցում:
Նա նշել է, որ միջազգային զեկույցներում խտրական վերաբերմունքի մասին միտքը «հայտնվել է իրենց քաղաքացիական ակտիվիստներ համարող, հայկական արմատներ ունեցող, սակայն արևմտյան արժեքներ կրող, գրանտային կազմակերպություններից ֆինանսավորվող մարդկանց կողմից»:
Աշոտյանը հորդորել էր ԱԺ պատգամավորներին այդ հարցին այլևս չանդրադառնալ, քանի որ աղմուկը արհեստական է, և «հայ հասարակությունը դեմ չէ եկեղեցու պատմության դասավանդմանը»: