Կտտանքների դեմ ՄԱԿ-ի ենթակոմիտեի առաքելությունը (İQAT), որն իր մանդատն իրականացնում էր կտտանքների ու անմարդկային վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի հիման վրա, ընդհատել է իր այցն Ադրբեջան ու վաղաժամ լքել երկիրը՝ հանդիպած խոչընդոտների պատճառով: Այս մասին հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը՝ վկայակոչելով Բաքվում ՄԱԿ-ի գրասենյակի մամուլի հաղորդագրությունը։
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է, որ չնայած Ադրբեջանի պաշտոնական կառույցների՝ ազատազրկման վայրեր անարգել մուտք գործելու երաշխիքներին՝ պատվիրակությունը կարողացել է այցելել այդ վայրերի միայն մի մասը՝ ի վիճակի չլինելով կատարել իր բոլոր պարտականությունները։
«Կամընտիր արձանագրությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների հետևանքով՝ պատվիրակությունը չկարողացավ ամբողջովին իրականացնել իր առաքելությունն ու ստիպված եղավ այն ընդհատել վաղաժամ»,֊ ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ առաքելության անդամներն այցելել էին մեկուսարանում խոշտանգումների ենթարկվող իրավապաշտպան Լեյլա Յունուսին, սակայն նրանց հեռանալուց հետո ճնշումները Յունուսի վրա միայն ուժեղացել են։ Երբ մի փոքր անց Յունուսը հետ է կանչել առաքելության անդամներին, նրա խնդրանքը ՄԱԿ֊ի ներկայացուցիչներին չեն փոխանցել։