Home / Հայաստան / iLur.am-ը բողոքարկելու է իր հրապարակման հետ կապված Վերաքննիչ դատարանի որոշումը

iLur.am-ը բողոքարկելու է իր հրապարակման հետ կապված Վերաքննիչ դատարանի որոշումը

Վերաքննիչ դատարանը` դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, մերժել է iLur.am-ի և «Հրապարակ» օրաթերթի բողոքը: Լրատվամիջոցները բողոքարկում էին առաջին ատյանի դատարանի՝ ավելի վաղ կայացրած վճիռը, որով պահանջվում է բացահայտել հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի (լուսանկարում) նկատմամբ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի կատարած բռնության մասին տեղեկատվության աղբյուրը: 

«Թե՛ առաջին ատյանի դատարանը, թե՛ Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ապացուցեցին, որ իրենք շարունակում են մնալ Դատախազության կցորդը, և նախապես ու դատարանից դուրս կայացված որոշումներ դակողը: Դատարանը ապացուցեց, որ զուրկ է ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից, եւ որ Հայաստանում չկա արդարադատություն որպես այդպիսին: Հայաստանում արդարադատության քողի տակ մեզ են ներկայացնում իշխանության ղեկը բռնազավթած մի քանի անձանց կամքը և խաղի կանոնները», ֊ ասված է iLur.am-ի տարածած հայտարարության մեջ:

Կայքը մտադիր է բողոքարկել Վերաքննիչ դատարանի վճիռը՝ պահպանելով ներպետական բոլոր ատյաններն անցնելու անհրաժեշտ ընթացակարգը, և անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ ներպետական ատյանները սպառելուց հետո, կդիմի նաև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:

Հիշեցնենք, որ Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ավելի վաղ անդրադարձել էր դատարանի որոշմանը, որը ԶԼՄ-ներին ստիպում է բացահայտել իրենց տեղեկատվական աղբյուրները։

«Ես մտահոգված եմ, որ այս որոշումը կարող է բացասական ազդեցություն ունենալ լրատվամիջոցների վրա, քանի որ այն կարող է խանգարել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանմանը։ Պետք է գիտակցել, որ լրագրողների կողմից իրենց հանրային և մասնավոր տեղեկատվական աղբյուրների գաղտնի պահելն անհրաժեշտություն է»,- ասել էր Միյատովիչը։