ՀՀԿ-ին այսօր ԱԺ-ում հաջողվել է տապալել ԲՀԿ խմբակցության ներկայացրած մի նախագիծ միայն կրկնակի քվեարկություն կազմակերպելու շնորհիվ:
ԱԺ-ում քվեարկում էին ԲՀԿ խմբակցության պատգմավորական խմբի կողմից ներկայացված «Արտոնագրային վճարումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման համար: Այն ընդունվել էր, քանի որ ՀՀԿ֊ականներից մի քանիսը շփոթվել ու կողմ են քվեարկել։ Արդյունքում՝ նախագծին կողմ էր քվեարկել 47 պատգամավոր, դեմ` 42-ը, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ պետք է նորից քվեարկել, քանի որ «տեխնիկական խնդիր կա»:
Կրկնակի քվեարկության ժամանակ բոլոր ՀՀԿ-ականները դեմ են քվեարկել, և նախագիծը չի ընդունվել: Կրկնակի քվեարկությունը ոչ իշխանական պատգամավորները օրենքի խախտում են համարել, սակայն Գալուստ Սահակյանը պնդել է, որ տեխնիկական հարցեր և կրկնակի քվեարկություններ հաճախ են լինում:
ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը պահանջել է, սակայն, որ նիստը վարողները հղում անեն ԱԺ կանոնակարգին և հայտնեն՝ որտեղ կա «սխալ քվեարկություն» տերմինը:
ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասել է, որ կրկնակի քվեարկություն անել կարելի է, բայց դրա համար ընթացակարգ գոյություն ունի, որը խախտվել է: