«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն այսօր հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն և ՀՀ գլխավոր դատախազություն Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանի հետ կապված վերջին դեպքերի առընչությամբ: Այս մասին ասված է ՀԿ֊ի տարածած հաղորդագրության մեջ։
Իրենց դիմումի մեջ ՀԿ֊ի ներկայացուցիչներն ընդգծում են, որ սեպտեմբերի 25-ին «Ժողովուրդ» օրաթերթը տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես է Մ.Խորենացի փողոցում գործող Ոսկու շուկայի տնօրեն Վաղարշ Աբրահամյանը շրջում շուկայի սրահում և իր օգնականներին հրահանգում, իր խոսքերով, «դուրս շպրտել» այն սեղանները, որոնց առջև այդ պահին առևտրականներ կանգնած չեն։ Իր հետագա հարցազրույցներում Աբրահամյանը հաստատել է, թե «պատժել է» այն ձեռներեցներին, ովքեր մասնակցել են ՀՀ կառավարության շենքի մոտ կայացած ակցիաներին։
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ն կատարվածը որակում է մարդու հիմնարար իրավունքների՝ ազատ արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքների կոպիտ խախտում։
Չնայած կատարվածի մասին ԶԼՄ-ների հրապարակումներին և բարձրացած ակմուկին՝ ՀՀ ոստիկանությունը սեպտեմբերի 25-ից մինչև օրս քրեական գործ չի հարուցել։
«Ուստի Քաղաքացիական հասարակության ինստիտուտը դիմում է՝ վերը նկարագրված արարքին պատշաճ որակում տալու և իրավասության սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ քրեական գործ հարուցելու պահանջով», ֊ ոստիկանությանը և դատախազությանը հղած իր դիմումը եզրափակում է ՀԿ֊ն։
Լուսանկարը՝ Civilnet.am