«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ֊ն ցանկանում է իմանալ՝ արդյո՞ք Հայաստանում գործող Հայ-ռուսական կազակական միության անդամները զինված են, թե՝ ոչ։ Այս հարցով ՀԿ֊ն դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով քննություն կատարել և պարզել սեպտեմբերի 19-ին «Ազատություն» ռադիոկայանի հրապարակման մեջ առկա տվյալները։ Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանի տարածքում գործող միության անդամները պնդում են, որ զենքի կիրառմամբ զորավարժություններ են իրականացնում:
Իր դիմումի մեջ ՀԿ֊ն ընդգծում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 224-րդ հոդվածով օրենքով չնախատեսված զինված միավորումներ ստեղծելը կամ դրանց մասնակցելը հանցագործություն է։
Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությանը Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նրանց դիմումը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի վերջինս պարզի, թե արդյո՞ք Հայաստանի կազակները զինված են, թե ոչ: