«Help Age International» միջազգային կազմակերպությունը հրապարակել է աշխարհի՝ տարեց մարդկանց համար ամենաբարենպաստ երկրների ցուցակը։
«Global AgeWatch Index 2014» զեկույցը ներկայացնում է տարեց մարդկանց ներկայիս իրավիճակը աշխարհի 96 երկրներում՝ նշելով, թե որ երկրներում են ապահովվում տարեց մարդկանց նկատմամբ խնամքի լավագույն պայմանները և թե ինչպես է դա առնչվում առողջապահության, կրթության, զբաղվածության ու սոցիալական ոլորտներում տվյալ երկների քաղաքականության հետ։
Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի է առնվել 60֊ն անց անձանց սոցիալական ու նյութական բարեկեցությունը։
Խորհրդային նախկին երկրներից ցուցակում առաջատարը Էստոնիան է՝ 20֊րդ հորիզանական, հաջորդը Վրաստանն է՝ 28֊րդ հորիզանականով։ Այս երկրներին հետևում է Լատվիան՝ 35֊րդ հորիզոնական, Հայաստանը՝ 40֊րդ, Ղրղզստանը՝ 49֊րդ, Լիտվան՝ 60֊րդ, Տաջիկստանը՝ 61֊րդ, Ռուսաստանը՝ 65֊րդ, Մոլդովան՝ 74֊րդ հորիզանական։
Տարեց մարդկանց համար ամենաբարենպաստ երկրների լավագույն հնգյակում են Նորվեգիան, Շվեդիան, Շվեյցարիան, Կանադան ու Գերմանիան։ Ցուցակում չկա տեղեկություն Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի կամ Ղազախստանի վերաբերյալ։ 96 երկրներից կազմված վարկանիշային աղյուսակը եզրափակում է Աֆղանստանը։
«Տարեց մարդկանց կյանքի որակը տարբերվում է ու մեծ մասամբ կախված է նրանից, թե մարդը որտեղ է ապրում ու ինչ պայմաններ է ունեցել երիտասարդ տարիներին»,֊ ասված է զեկույցի մեջ։
«Help Age International» կազմակերպության տվյալներով՝ մինչև 2050 թվականը աշխարհի բնակչության 21 տոկոսը կկազմեն 60֊ն անց մարդիկ։ Տարեց մարդկանց թվի աճը վկայում է կյանքի որակի բարելավման մասին։ Այնուամենայնիվ, մի շարք զարգացող երկրներում ծերությունն ուղեկցվում է թույլ սոցիալական պաշտպանությամբ ու եկամուտների մակարդակի անկմամբ։