Home / Տեսանյութեր / Վարչապետից պահանջում են միջամտել «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքն ընդունելու հարցում

Վարչապետից պահանջում են միջամտել «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքն ընդունելու հարցում

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան ՀՀ կառավարությունից պահանջում է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենք ընդունել։ Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ուղղված բաց նամակում։

Կոալիցիայի ներկայացուցիչները նամակում հիշեցնում են, որ 2007 թվականից ի վեր մշակվել և քննարկվել է «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագիծը վերանայվել է մեծ թվով միջազգային և տեղական փորձագետների կողմից և 2009 թվականի սեպտեմբերին ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: 2010 թվականի նոյեմբերի 12-ին օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն քննարկման: Շրջանառության և քննարկումների արդյունքում համապատասխան փոփոխություններով լրամշակված օրենքի նախագիծը 2012 թվականի նոյեմբերի 28-ին ներկայացվել է ՀՀ վարչապետին` հավանության արժանանալու համար:

Սակայն 2013 թվականի փետրվարի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է Կառավարության եզրակացությունը, համաձայն որի՝ վերջինս նպատակահարմար չի գտել ընդունել «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքը, և Կառավարության կողմից հանձնարարություն է տրվել նախագծի դրույթները ներառել այլ իրավական ակտերում:

«2013 թվականին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի փորձագիտական խումբը, որտեղ ներգրավված են իրավաբաններ և ոլորտում աշխատող փորձագետներ, լրամշակել են «Ընտանեկան բռնության մասին» օրենքը` այն համապատասխանեցնելով ՀՀ Արդարադատության նախարարության նկատառումներին: Ներկայումս լրամշակված «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը պատրաստ է Ազգային ժողովում շրջանառության դրվելու համար:

Այս առիթով մենք կոչ ենք անում Կառավարությանը հստակ քայլեր ձեռնարկել և հանձն առնել այն պարտավորությունների իրականացմանը, որոնք արտահայտված են «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրում և ՀՀ–ի կողմից վավերացված միջազգային մի շարք փաստաթղթերում: Կարևորելով «Ընտանեկան բռնության կանխարգելման» ՀՀ օրենքը` պահանջում ենք ընդունել այն և ակնկալում ենք Ձեր միջամտությունը այս հարցի կապակցությամբ: Ակնկալում ենք նաև Ձեր անմիջական օգնությունը հոկտեմբերի 1-ը «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր» հռչակելու կապակցությամբ», ֊ մասնավորաբար, ասված է վարչապետին ուղղված բաց նամակում:

Tekali Taxi