«Ինքնազգացողությունս շատ լավ է, քանի որ նորմալ ապրելակերպ եմ վարում, հիմարություններ չեմ անում, ուշ չեմ պառկում քնելու, շատ չեմ ուտում կամ խմում, չեմ ծխում ու մինչ օրս սիրահարված եմ մասնագիտությանս»։ Այս մասին ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարել է հոկտեմբերի 2֊ին՝ ռուսական առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» թոք֊շոուի եթերում։
Երգիչը պատմել է, որ մանկության տարիներին քրոջ հետ ռուսական պարեր էր պարում։ «Մենք հայկական պարեր չէինք պարում, հենց ռուսական էինք պարում։ Ես շատ լավ չեչոտկա էի պարում։ Ես միշտ, առանց հատուկ փորձելու, որոշակի կապեր եմ ունեցել Ռուսաստանի հետ։ Հայրս ողջ կյանքը ռուսերեն էր ստորագրվում, այլ ոչ՝ հայերեն կամ վրացերեն, չնայած՝ ծնվել է Վրաստանում։ Իսկ պապս ռուսական խոհանոցի փայլուն խոհարար էր, այլ ոչ՝ հայկական»,֊ մասնավորապես, ասել է Ազնավուրը։
Իվան Ուրգանտի հարցին՝ արդյոք շանսոնյեն հում ձու է խմում կամ ձայնի համար հատուկ վարժություններ կատարում, Ազնավուրը պատասխանել է, որ մի անգամ հայրն իրեն բռնացրել է այդ գործի վրա․ «Նա ինձ հարցրեց՝ ինչ եմ անում, ասացի՝ հում ձու եմ խմում, քանի որ դա լավ է ձայնի համար։ Նա ինձ ասաց, որ «եթե դա լավ է ձայնի համար, ապա հավերի տուտուզները պետք է օպերա երգեն»»։
Ազնավուրի համերգը մոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 3֊ին։
Հաղորդումն ամբողջությամբ՝ այստեղ