Ֆրանսահայ երգիչ, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան ու ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ իր դիվանագիտական գործունեությունը չի համաձայնեցնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
The Hollywood Reporter ամսագրի հետ զրույցում նա, մասնավորապես, ասել է․ «Ես նախագահին չեմ հարցնում՝ ինչ պետք է անեմ։ Կարծում եմ, դա չափազանց բարդ կլիներ։ Օրինակ, ես հանդիպում եմ ունենալու Թուրքիայի դեսպանի հետ, ինչը շատ հազվադեպ է լինում։ Ես չեմ ցանկանում նախօրոք ասել, որ գնալու եմ, քանի որ նրանք կասեն՝ «Չանես նման բան» կամ «Չգնաս»։ Ես ուզում եմ ազատ մարդ լինել»։
Ազնավուրը հայտարարել է, որ հույս ունի նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը։ Նրա խոսքով, սակայն, դրան խոչընդոտում է ոչ միայն փաստը, որ Թուրքիան չի ցանկանում ընդունել Հայոց Ցեղասպանությունը, այլև հարևանների հետ հարաբերությունները կարգավորելուց հայերի հրաժարվելը։
«Խնդիրը միայն թուրքերը չեն, որ չեն ուզում ընդունել Ցեղասպանությունը, այլև որոշ հայեր, որոնք չեն ցանկանում՝ ես որևէ բարեկամական հարաբերություններ ունենամ թուրքերի հետ։ Հետևաբար, ես պետք է զգույշ լինեմ։ Ես ուզում եմ լավ հարաբերություններ ունենալ թուրքերի հետ։ Ես նրանց դեմ ոչինչ չունեմ, քանի որ Ցեղասպանությունը կազմակերպել են ոչ թե նրանք, այլ նրանց պապերը։ 2015 թվականի ապրիլին կլրանա Ցեղասպանության 100-ամյակը, ու եթե ես կարող եմ ինչ-որ կերպ օգնել, ես դա կանեմ։ Հույս ունեմ, կկարողանամ նպաստել երկրների միջև հարաբերությունների որևէ զարգացման»,- ասել է Ազնավուրը։
Միևնույն ժամանակ, խոսելով որպես դեսպան իր գործունեության մասին՝ երգիչն ընդգծել է, որ քաղաքականությամբ չի զբաղվում։ «Օրինակ, մենք 12 հազար մարդ ենք Սիրիայից տեղափոխելու Հայաստան։ Մենք պետք է նրանց դուրս բերենք երկրից, քանի որ նրանք կսպանվեն քրիստոնյա լինելու պատճառով։ Ոչ միայն քրիստոնյա հայեր, այլև մահմեդական եզդիներ ու որոշ քրդեր։ Սա ամենևին էլ քաղաքականություն չէ։ Դա դիվանագիտություն է»,- հայտարարել է Ազնավուրը։
Անդրադառնալով Հայաստանում բարեգործական գործունեությանը՝ նա ընդգծել է, որ փորձում է աշխատել ուղղակիորեն, տեղում ծանոթանալ հումանիտար խնդիրներին, որոնց լուծման վրա ծախսում է իր անձնական եկամուտների մի մասը։ «Բայց, անկեղծ ասած, ես քաղաքականությունում անելիք չունեմ, ու չեմ էլ ուզում ունենալ։ Իմ լսարանը կազմված է տարբեր հավատքի, գույնի, եկամուտների տեր մարդկանցից։ Ես չեմ պատրաստվում դավաճանել որևէ մեկին՝ մյուսի օգտին։ Ես հասանելի եմ բոլոր նրանց համար, ովքեր սիրում եմ իմ երգերը»,- ասել է դեսպան-երգիչը։