Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում կստորագրեն Երևանը և Նովոսիբիրսկը քույր քաղաքներ հռչակելու համաձայնագիր։
Նովոսիբիրսկի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ Երևանի ու Նովոսիբիրսկի միջև հարաբերությունների զարգացումը մի քանի գործոններով է պայմանավորված․ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերով, երկկողմ համագործակցության զգալի տնտեսական ներուժով, եվրասիական տնտեսական տարածքում քաղաքների կարևորությամբ։
«Սիբիրի մայրաքաղաքի հանրությունը բազմիցս հանդես է եկել Երևանի ու Նովոսիբիրսկի միջև կապերի սերտացման առաջարկությամբ: Հենց այդ պատճառով է վերջերս հիմնվել «Նովոսիբիրսկ և Երևան քաղաքների բարեկամության տուն» հանրային ֆոնդը, որը նպաստում է երկու քաղաքների ՀԿ-ների ու մշակութային հաստատությունների միջև կապերի զարգացմանը»,- մասնավորապես, ասված է հաղորդագրությունում:
Քույր քաղաքները ծրագրում են համագործակցել մի շարք ուղղություններով, այդ թվում՝ տնտեսական, կրթական, մշակույթի, տուրիզմի, սպորտի և այլ ոլորտները։