Home / Հայաստան / Ինչու են միմյանց պետք Հայաստանն ու ԵՏՄ֊ն․ Lenta.ru

Ինչու են միմյանց պետք Հայաստանն ու ԵՏՄ֊ն․ Lenta.ru

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Եվրասիական տնտեսական միության Գերագույն խորհրդի նիստը, որը կրկին մի սեղանի շուրջ է հավաքել երեք նախագահներին՝ Վլադիմիր Պուտինին, Նուրսուլթան Նազարբաևին և Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Այս հանդիպումը վերջիններից է 2015 թվականի հունվարին ընդառաջ, երբ ԵՏՄ֊ն կսկսի պաշտոնապես գործել։ Ակնկալվում է, սակայն, որ պետությունների ղեկավարները տեխնիկական մանրամասների կարգավորումից հետո կանցնեն կարևորագույն հարցի քննարկմանը՝ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությունը։ Lenta.ru֊ն այս թեմայի շուրջ զրուցել է մի շարք վերլուծաբանների հետ, որոնք գնահատել են ԵՏՄ֊ի չորրորդ անդամի ներուժը։

Հայաստանն ընդհանրապես չկար Մաքսային միության ինտեգրացիոն ծրագրերում, հայտարարել է Ղազախստանի Ազգային բանկի նախկին նախագահ Գրիգորի Մարչենկոն։ Նրա խոսքով՝ Միասնական տնտեսական տարածքի զարգացման գաղափարը ենթադրում էր ելք հետխորհրդային տարածքի սահմաններից՝ Թուրքիայի, Չինաստանի, Մոնղոլիայի միջոցով։ Հայաստանի ու Ղրղզստանի՝ միությանն անդամակցելն ընդհանրապես չէր քննարկվում։

Մարչենկոն նշել է, որ դեռևս 2013 թվականի գարնանն առաջարկում էր «ընդլայնել Մաքսային միությունն ու այնտեղ հրավիրել Ուկրաինային, Թուրքիային ու Ադրբեջանին»։ «Այդ դեպքում այն ավելի դիվերսիֆիկացված կլիներ, առանց մեկ երկրի՝ Ռուսաստանի, ակնհայտ գերակայության։ Պակաս կարևոր չէ նաև այն, որ նոր Մաքսային միությունն այդ կազմով պետք է ասոցացման համաձայնագիր ստորագրեր Չինաստանի ու Մոնղոլիայի, իսկ հետագայուն նաև այլ երկրների հետ»,֊ ասել է նա։

Ինտեգրացիոն տարածքում Հայաստանի հեռանկարները թեկուզ մասամբ հասկանալու նպատակով՝ Lenta.ru֊ն դիմել է ելակետային ցուցանիշներին։ Օրինակ, կարելի է ուսումնասիրել Հայաստանի պետականության մակարդակի վարկանիշը։ Այս ցուցանիշով երկիրը գտնվում է հետխորհրդային երկրների ցուցակի մեջտեղում, իսկ, ասենք, օրենքի գերակայության ցուցանիշով երկիրը բավական լավ արդյունքներ է ցուցադրում։ Սա թույլ է տալիս մասամբ հասկանալ Երևանի կողմից վերահսկվող պետական կառույցների կայունությունը։ Մյուս կողմից, ինչպես կարելի էր ակնկալել, Հայաստանը կաղում է երկու այլ կարևոր ցուցանիշներով՝ գործազրկություն, ու, որպես հետևանք, արտագաղթ։ Բայց նույնիսկ սա կարելի է ուսումնասիրել տարբեր տեսանկյուններից․ նույն միգրացիոն կառույցը, ու, ամենակարևորը, դրա ուղղվածությունը ցուցադրում են եվրասիական ուղեգիծ։

Yerevan1Լուսանկարը՝ Reuters

Իհարկե, չի կարելի հերքել Հայաստանի ինտեգրացիոն ձգտումների քաղաքական բովանդակությունը։ Վերլուծաբան Արկադի Կուսաինովը նշում է, որ երկիրը աշխարհքաղաքական առումով կարևոր գործընկեր է ԵՏՄ֊ում՝ կովկասյան հանգույցի, տրանսպորտային միջանցքների տեսանկյունից։ «Ըստ այդմ, ես համաձայն եմ, որ Հայաստանը պետք է ԵՏՄ֊ի համար յուրահատուկ գործընկեր լինի»,֊ ընդգծել է Կուսաինովը։

Նրա կարծիքը կիսում է հայաստանցի քաղաքագետ Վիգեն Հակոբյանը, ում խոսքով՝ «Հայաստանի անդամակցումը թույլ կտա մասամբ ամրապնդվել Իրանի ու Թուրքիայի միջև ռազմավարական տարածքում՝ կարևորագույն տարածաշրջանային նախադեպ ստեղծելով Վրաստանի ու Ադրբեջանի համար, որոնք չեն կարողանա արհամարհել ԵՏՄ֊ի նման հզոր հայտն ու որպես հետևանք ստեղծված նոր իրողությունները»։ «Մաքսային միության երկրների և Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կստեղծվի ցամաքային սահման։ Դրական կողմերից է նաև այն, որ կհեշտացվի Հայաստանից Ռուսաստան ապրանք արտահանողների խնդիրը։ Իսկ արտահանվում է, հիմնականում, գյուղմթերք, որը Ռուսաստանին ներկայում շատ անհրաժեշտ է»,֊ ասել է Հակոբյանը։

Նույն կարծիքին է նաև բելառուսցի քաղաքագետ Յուրի Շևցովը, ով ընդգծել է, որ կործանումից փրկվելու համար Եվրասիական միություն ձգտող երկրին չի կարելի չընդունել։ Քաղաքագետի խոսքով՝ պետք է հասկանալ, որ Հայաստանն, ամենայն հավանականությամբ, այդ միությանը որևէ առավելություն չի բերի։ «Վերջին հաշվով, Եվրասիական միության մյուս անդամները պետք է պատրաստ լինեն երկար ժամանակ օգնել այդ երկրին։ Ստիպված կլինեն նաև կարգավորել որոշ խնդիրներ, որոնք Հայաստանի անդամակցությունը կբերի միության մյուս անդամներին՝ այն է Ադրբեջանի հետ հարաբերությունների որոշ բարդացում ու աշխատանքային միգրացիա»,֊ ասել է Շևցովը։

Վիգեն Հակոբյանը նշել է, որ չի կարելի թույլ տալ՝ Հայաստանը գնա ինտեգրացիոն եվրոպական ուղով․ «Պետք է հասկանալ, որ Հայաստանն այլ ելք չունի, երկրին շտապ ռեսուրսներ ու աջակցություն է անհրաժեշտ։ Եթե այն չմտի ԵՏՄ, ապա կրկին կներքաշվի ԵՄ֊ի հետ ասոցացման գործընթացի մեջ, իսկ դա հղի է Ռուսաստանի համար քաղաքական ռիսկերով»։