2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

ԱԱԾ տնօրենն ու Գյումրիի քաղաքապետն ընդգրկվել են ՀԿ֊ի՝ տեղեկատվություն չտրամադրողների «սև ցուցակում»

Այսօր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հրապարակել է այն պաշտոնյաների ցուցակը, ովքեր 2014 թվականի 3-րդ եռամսյակի ընթացքում խախտել են քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Կենտրոնը նման հաշվետվություն է հրապարակում եռամսյակը մեկ անգամ՝ նպատակ ունենալով կազմել պետական գերատեսչությունների ղեկավար պաշտոնատար անձանց «սև ցուցակ»։

ՀԿ֊ի հերթական «սև ցուցակում» ընդգրկվել են․

Գորիկ Հակոբյան, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն

2014թ.-ի հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը` խնդրելով հայտնել, թե ո՞վ է ծառայության` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյան, ինչպես նաև տրամադրել ծառայության` տեղեկատվության տրամադրման կարգի լուսապատճենը: ԻԱԿ-ը հարցումն ուղարկել էր ԱԱԾ-ի [email protected] հասցեով, որը նշված է որպես վարչության էլ. փոստի հասցե ՀՀ կառավարության www.gov.am կայքում: Ծառայությունը հարցմանը չի պատասխանել:

Սամվել Բալասանյան, Գյումրիի քաղաքապետ

2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Գյումրիի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Գյումրիի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:

Արամ Դանիելյան, Հրազդանի քաղաքապետ

2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Հրազդանի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Հրազդանի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:

Գագիկ Մուրադյան, Արտաշատի քաղաքապետ

2014թ.-ի հուլիսի 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Արտաշատի քաղաքապետարան` խնդրելով տեղեկություններ Արտաշատի բյուջեի ծախսերի վերաբերյալ: Քաղաքապետարանը հարցմանը չի պատասխանել:

Արտյոմ Մովսեսյան, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ

2014թ.-ի հուլիսի 7-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու էլեկտրոնային հարցմամբ դիմել էր ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը` խնդրելով հայտնել, թե ո՞վ է վարչության` տեղեկատվության ազատության համար պատասխանատու պաշտոնյան, ինչպես նաև տրամադրել վարչության` տեղեկատվության տրամադրման կարգի լուսապատճենը: ԻԱԿ-ը հարցումն ուղարկել էր վարչության [email protected] հասցեով, որը նշված է որպես վարչության էլ. փոստի հասցե ՀՀ կառավարության www.gov.am կայքում: Վարչությունը հարցմանը չի պատասխանել: