հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ոստիկանները կույր մարդուն փողոցում են թողել․ ծառայողական քննություն՝ Ալեք Ենիգոմշյանի հարցով

Ոստիկանները կույր մարդուն փողոցում են թողել․ ծառայողական քննություն՝ Ալեք Ենիգոմշյանի հարցով

«Նախախորհրդարան» շարժման քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի նկատմամբ ոստիկանների գործողությունների իրավաչափությունը քննելու համար ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով սկսվել է ծառայողական քննություն: Այս մասին այսօր Epress.am-ին հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:

«Նախախորհրդարանը» երեկ տարածած հաղորդագրության մեջ բարձրաձայնել էր Ենիգոմշյանի նկատմամբ «ոստիկանների ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի մասին»:

«Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյանի վրա գտնվող «Նախախորհրդարանի» գրասենյակից իր հարևան Վահրամ Գաբրիելյանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին: Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից»,- ասված է «Նախախորհրդարանի» հայտարարության մեջ:

Ինչ վերաբերում է Գաբրիելյանին, ապա նրա հարցով Արտաշատ քաղաքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Epress.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանը նշել է Գաբրիելյանին բերման ենթարկելու պաշտոնական պատճառը։ Գաբրիելյանը, Շահումյան գյուղի կենտրոնական ճանապարհի վրա վիճաբանելով ավտոմեքենան կանգնեցրած ոստիկանի հետ, հայհոյել է նրան և հարվածել: Դեպքից հետո Գաբրիելյանը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին, բացատրություն գրել և ազատ արձակվել հոկտեմբերի 20-ին, ժամը 02։00-ի սահմաններում: Ոստիկանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Լուսանկարը՝ wikipedia.org