Վրաստանի կառավարությունը հոկտեմբերի 20֊ին Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքվելիք նոր համաձայնագրին հակազդելու գործողությունների ծրագիր կհրապարակի։ Աբխազ֊ռուսաստանյան փաստաթուղթը նախատեսում է երկու երկրների խորը ինտեգրում, այդ թվում՝ համաձայնեցված արտաքին քաղաքականության անցկացում, սոցիալ֊տնտեսական միասնական տարածքի, պաշտպանության ու անվտանգության միասնական տարածքի ստեղծում։
Կնքվելիք համաձայնագրի մասին նորությունը Վրաստանում կանխատեսելի բացասական արձագանքի է արժանացել։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»֊ը, Թբիլիսին խոստանում է «ագրեսիվ դիվանագիտական պատասխան» տալ ու ակնկալում է Արևմուտքի աջակցությունը։
Աբխազ֊ռուսաստանյան համագործակցության մասին համաձայնագիրը նախատեսում է զորքերի միասնական խմբավորման ստեղծում, որը «կհակազդի արտաքին ագրեսիային ու կպաշտպանի Աբխազիայի սահմանները»։ Վրաստանում կնքվելիք համաձայնագիրը գնահատվել է որպես Աբխազիայի անեքսիայի ծրագիր, հաղորդում է Georgia Online֊ը։
Այդ կապակցությամբ շաբաթ օրը Թբիլիսիում հրավիրվել է Անվտանգության խորհրդի արտահերք նիստ։ Հանդիպման ընթացքում Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան նախազգուշացրել է, որ համաձայնագրին ի պատասխան, Վրաստանը «ագրեսիվ արտաքին քաղաքական քայլեր կձեռնարկի»։ Նա պարզաբանել է, որ ագրեսիվության տակ ենթադրվում է ակտիվություն։
Հատուկ միջոցառումների ցանկը, որը Թբիլիսին մտադիր է ձեռնարկել, պետք է հրապարակվի այսօր՝ հոկտեմբերի 20֊ին։ «Կոմերսանտ»֊ի տվյալներով՝ հանդիպման ժամանակ ԱՄՆ֊ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն հասկացրել է, որ Վրաստանն առաջին հերթին ակնկալում է Վաշինգտոնի դիվանագիտական աջակցությունը։
Պաշտոնական Մոսկվան, իր հերթին, Թբիլիսիին կոչ է անում չմիջամտել։ «Աբխազիան ինքնիշխան պետություն է» ու իրավունք ունի «ինետգրվել ում հետ ուզում է ու որքան ուզում է», հայտարարել է ՌԴ ԱԳՆ֊ում թերթի աղբյուրը։ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի ու Աբխազիայի միջև նոր պայմանագիրը «ռուս֊վրացական հարաբերությունների կարգավորման համար սպառնալիք չէ»։