Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի մեկնարկին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ ուրբաթ օրը ոչ աշխատանքային ժամին Երևանի Կենտրոն և Նորք֊Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը դատավճիռ է արձակել Շանթ Հարությունյանի և ընկերների մասով, որից հետո Հայաստանում դարձյալ քաղաքական պատճառներով բանտարկված անձինք կան։
Փոստանջյանին ընդհատել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, հայտարարելով, որ հարցադրումը կապ չունի օրակարգի քննարկման հետ, նման ելույթների համար գոյություն ունի հայտարարությունների ժամը, ու ինքը ստիպված է անջատել պատգամավորի խոսափողը։
Քիչ անց՝ հայտարարությունների ժամին, Զարուհի Փոստանջյանը կրկին հարց է ուղղել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարող է Շանթ Հարությունյանի և ընկերների գործով վճիռը կապ չունենալ ԱԺ օրակարգի հետ, հատկապես եթե դրանում ընդգրկված է Մարդու իրավունքներին պաշտպանի զեկույցի քննարկումը։ Պատգամավորն ընդգծել է, որ Գալուստ Սահակյանի նախագահը և ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, խախտել է անմեղության կանխավարկածը՝ Շանթ Հարությունյանին և ընկերներին հանցագործ անվանելով մինչև դատավճռի հրապարակումը։ Փոստանջյանը դա գնահատել է որպես դատարանին հստակ ուղղորդում։ «Ժառանգության» պատգամավորը նաև հարցրել է՝ ինչու է ԱԺ֊ի նախագահությունը խոչընդոտում կարծիք արտահայտելուն և հայտարարություն անելուն։
Գալուստ Սահակյանը ըստ էության չի պատասխանել Փոստանջյանի հարցերին։ Նա նշել է, որ «օրակարգը քննարկելիս այն հարցերն են քննարկվում, որոնք զետեղված են օրակարգում, իսկ մենք օրակարգում նման հարց չունենք»։
ԱԺ նախագահն ավելացրել է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահն է, և այս դեպքում նաև Զարուհի Փոստանջյանի նախագահը և Հայաստանի քաղաքացիների նախագահը։
«Բազմաթիվ հնարավարություններ ունենք նման հարցերը քննարկելու, բայց ոչ օրակարգի հաստատման շրջանակներում», ֊ իր խոսքն ավարտել է Սահակյանը։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ֊ական պատգամավոր Էլինար Վարդանյանի զեկույցի ժամանակ քաղբանտարկյալների հարցը կրկին բարձրաձայնել են ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը և Նիկոլ Փաշինյանը։ Մանուկյանը, մասնավորապես, հետաքրքրվել է, թե արդյոք հանձնաժողովն արդեն քննարկել է Շանթի Հարությունյանի և ընկերների քաղբանտարկյալ լինելու հարցը։ Վարդանյանն ընդգծել է, որ նման քննարկում դեռևս չի եղել, քանի որ վճիռը նոր է հրապարակվել։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդիրը շատ հրատապ է և կարևոր, ուստի չարժի այն քննարկել հայտարարությունների մակարդակով։ Պատգամավորն առաջարկել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին զեկույց պատրաստել ու հարցը քննարկել ԱԺ֊ում։ Ի պատասխան, Վարդանյանը պատրաստակամություն է հայտնել լսումներ կազմակերպել նշված հարցի վերաբերյալ։