հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ՀԱԿ֊ը Շանթ Հարությունյանին և ընկերներին քաղբանտարկյալ է ճանաչել

ՀԱԿ֊ը Շանթ Հարությունյանին և ընկերներին քաղբանտարկյալ է ճանաչել

Հոկտեմբերի 17-ին Կենտրոն և Նորք֊Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանն ակնհայտ անարդար վճիռ է կայացրել Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ, երեկ տարածած հայտարարության մեջ նշում է «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը։

«Առանց այդ էլ անհիմն ձգձգված նախնական կալանքի պայմաններում մոտ մեկ տարի ազատազրկման մեջ անցկացրած քաղաքացիներին նշանակվել են ազատազրկման այնպիսի ժամկետներ, որոնք վկայում են իշխող ռեժիմի ծայրահեղ քինախնդրության և տարրական բարոյական և իրավական նորմերը ոտնահարելու մասին: Պատահական չէ, որ ակնհայտ անարդար վճիռը իրականացվել է մարտիմեկյան իրադարձություններին առնչվող «7-ի գործի» տխրահռչակ դատավոր Մարտիրոսյանի ձեռքերով:

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի «Քաղաքական բանտարկյալի սահամանում» թիվ 1900 բանաձևի երրորդ կետը ձևակերպում է քաղաքական բանտարկյալ սահմանելու չափանիշները: Հայաստանի վերոհիշյալ 12 քաղաքացիների գործը լիովին համապատասխանում է բանաձևի այն չափանիշին, համաձայն որի ազատազրկված անձը պետք է համարվի «քաղաքական բանտարկյալ», եթե «քաղաքական շարժառիթներով կալանավորման ժամկետը կամ նրա պայմանները ակնհայտորեն անհամաչափ են արարքին, որի համար անձը ճանաչվել է մեղավոր կամ կասկածյալ»», ֊ ասված է ՀԱԿ֊ի հայտարարության մեջ:

Այսպիսով, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը Շանթ Հարությունյանին, Վահե Մկրտչյանին, Ալբերտ Մարգարյանին, Սևակ Մնացականյանին, Վարդան Վարդանյանը, Լիպարիտ Պետրոսյանին, ԱվետիսԱվետիսյանին, Հայկ Հարությունյանին, Ալեք Պողոսյանին, Մկրտիչ Հովհաննիսյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին այսուհետև ճանաչում է քաղաքական բանտարկյալ և հայտարարում, որ կօգտագործի իր բոլոր կարողությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ միջագային ասպարեզում նրանց շուտափույթ ազատմանը հասնելու նպատակով:

«Դա նաև կլինի Հայաստանում սկսված իշխանափոխության գործընթացի առաջնահերթ խնդիրներից մեկը», ֊ եզրափակում է հայտարարությունը:

Շանթ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում էին 2013 թվականի նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նրանցից 3-ը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, Ալբերտ Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, մեղադրվում էին նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, ինչը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Հայկ Հարությունյանը մեղադրվում էր խուլիգանության, ինչպես նաև զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեջ։ Այդ նյութը գտել էին Հարությունյանի տան խուզարկման ժամանակ, նա և նրա հարազատները պնդում են, որ դա ընդամենը շան համար նախատեսված դեղ է եղել։

Դատախազը պահանջել էր մեղադրյալ Վահե Մկրտչյանին ազատազրկել 8,5 տարով, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարով, Վարդան Վարդանյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Ավետիս Ավետիսյանին՝ 6,5 տարով, Ալեք Պողոսյանին և Հայկ Հարությունյանին՝ 6 տարով, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5,5 տարով, Սևակ Մնացականյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 4 տարով։ Գևորգ Գևորգյանը նաև միջնորդել էր Միսակ Առաքելյանի նկատմամբ 50 հազար դրամի չափով տուգանք սահմանել։

Ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։ Մի շարք տեղական և միջազգային կազմակերպություններ Հարությունյանին և ընկերներին ճանաչել է քաղբանտարկյալ: