Քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստին այսօր պաշտպանական կողմը՝ ի դեմս Հարությունյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի, միջնորդել է դատարանում որպես վկա հարցաքննել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Միջնորդությանը միացել են նաև մյուս մեղադրյալների պաշտպանները: Պետրոսյանը հիմնավորել է, որ Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործ է և պետք է պատասխանատվության ենթարկվի: Պետրոսյանը ցանկանում է դատարանում հարցնել ՀՀ նախագահից, թե վերջինս ինչ հիմքեր, ինչ տեղեկություն ուներ նման հայտարարության համար, քանի որ պատասխանը կարող է օգնել դեպքը բացահայտելուն:
Միջնորդությունը, սակայն, մերժվել է նախագահող Մնացական Մարտիրոսյանի կողմից այն պատճառաբանությամբ, թե որևէ պաշտոնյայի կարծիք կապ չունի դատավարության հետ և չի կարող ապացույց համարվել:
«Փաստորեն նախագահի ասածն ասնավանի չի (հիմք չի)»,- դատավորին ասել է ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:
Հակադարձելով՝ Ինեսսա Պետրոսյանը հույս էր հայտել, որ դատարանը մինչև վերջ հավատարիմ կմնա իր հայտարարությանը, և չի առաջնորդվի որևէ պաշտոնյայի կարծիքով դատավճիռը կայացնելու ժամանակ:
Շանթ Հարությունյանը նոր վկա հարցաքննելու մասին ևս մեկ միջնորդություն է արել։ Նա ցանկացել է, որպեսզի դատարան հրավիրվի ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, ով իրենց գործով դատավարության նախօրեին հայտարարել էր, որ պետք է չեզոքացնել այն ՀԿ-ներին, որոք փորձում են սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ: Հարությունյանն ուզում է իմանալ՝ արդյոք դեսապնը նկատի ուներ նաև ամբաստանյալներին: Այս միջնորդությանը դատարանը կանդրադառնա դատավճռի ժամանակ:
Ամբաստանյալներն այսօր ելույթներով են հանդես եկել։
«Ութ տարի կնստեմ, դուրս կգամ ու դուք բոլորդ պատասխան կտաք, որովհետև ամեն բան կներեմ, բայց Հայրենիքի դավաճանությունը չեմ ների»,- հայտարարել է Վահե Մկրտչյանը:
Ամբաստանյալ Միսակ Առաքելյանը, որը միակն է, ով կալանքի տակ չի գտնվում, ներողություն է խնդրել իր ընկերներից իրենց հետ «առաջին գծում» չլինելու համար:
Մեղադրական վերջին ճառում դատախազ Գևորգ Գևորգյանը հայտարարել է, որ խուլիգանության մեջ մեղադրվողները փորձում են ներկայանալ որպես «հալածյալներ» և խուսափել պատասխանատվությունից:
Դատական նիստը շարունակվում է, սպասվում է, որ վերջին ճառով հանդես կգա Շանթ Հարությունյանը և դատարանը կգնա խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։
Շանթ Հարությունյանն ու նրա 13 ընկերները մեղադրվում են 2013 թվականի նոյեմբերի 5-ին իրենց նախաձեռնած երթի ընթացքում որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, որը նախատեսում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Նրանցից 3-ը՝ Մկրտիչ Հովհաննիսյանը, Արթուր Մարգարյանը, Վահե Մկրտչյանը, մեղադրվում են նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, ինչը նախատեսում է 5-ից 10 տարվա ազատազրկում։ Հայկ Հարությունյանը մեղադրվում է խուլիգանության, ինչպես նաև զգալի չափով հոգեմետ նյութ պահելու մեջ։ Այդ նյութը գտել են Հարությունյանի տան խուզարկման ժամանակ, նա և նրա հարազատները պնդում են, որ դա ընդամենը շան համար նախատեսված դեղ է եղել։
Դատախազը նաև պահանջել էր մեղադրյալ Վահե Մկրտչյանին ազատազրկել 8,5 տարով, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարով, Վարդան Վարդանյանին, Լիպարիտ Պետրոսյանին, Ավետիս Ավետիսյանին՝ 6,5 տարով, Ալեք Պողոսյանին և Հայկ Հարությունյանին՝ 6 տարով, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5,5 տարով, Միսակ Մնացականյանին, Արմեն Հովհաննիսյանին և Տիգրան Պետրոսյանին՝ 4 տարով։ Գևորգ Գևորգյանը նաև միջնորդել էր Միսակ Առաքելյանի նկատմամբ 50 հազար դրամի չափով տուգանք սահմանել։
Ամբաստանյալները չեն ընդունում իրենց մեղքը, մասնավորապես, նշելով, որ երթի ընթացքը խանգարել են սադրիչները, իսկ քաղաքացիական հագուստով ոստիկանները իրենք են հրահրել ընդհարումը։